Մատչելիության հղումներ

Հայաստանը կողմ է քվեարկել Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ դեկտեմբերի 12-ին բանաձև ընդունեց Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու մասին։

ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 153-ը կողմ են քվարկել բանաձևին, այդ թվում՝ Հայաստանը։ Դեմ է քվեարկել 10 երկիր, այդ թվում՝ Իսրայելը, Միացյալ Նահանգները, Չեխիան, իսկ ավելի քան երկու տասնյակ երկրներ ձեռնապահ են մնացել, նրանց շարքում են Գերմանիան, Իտալիան, Ուկրաինան։

Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը բանաձևը գնահատել է երեսպշատություն, քանի որ այնտեղ «Համաս»-ը (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) հիշատակված չէ։ Նա ասել է, որ կրակի դադարեցումը ձեռնտու կլինի միայն ահաբեկիչնների համար, որոնք յուրացնում են մարդասիրական օգնությունը։

«Քվեարկելով այս բանաձևի օգտին՝ դուք աջակցում եք ջիհադիստ ահաբեկչության գոյատևմանը և Գազայի ժողովրդի տառապանքի շարունակմանը»․- ասել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը։

Միցայալ Նահանգների ներկայացուցիչ Լինդա Գրինֆիլդն ասել է, որ Գազայի հատվածում կրակի դադարեցումը լավագույն դեպքում ժամանակավոր կլինի, վատագույն դեպքում՝ վտանգավոր իսրայելցիների համար, որոնք կենթարկվեն չդադարող հարձակումների։ «Վտանգավոր կլինի նաև պաղեստիցիների համար, որոնք արժանի են լավ ապագա կառուցելու հնարավորություն ունենալ «Համաս»-ից ազատվելուց հետո», - նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը։

Գլխավոր ասամբլեան չի ընդունել ԱՄՆ-ի և Ավստրիայի լրացումներ կատարելու առաջարկը։ Նրանք առաջակել էին, որ բանաձևը նաև դատապարտի ծայրահեղական «Համաս»-ի հոկտեմբերի 7-ի զազրելի հարձակումը Իսրայելի վրա և պատանդներ առևանգելը։

Այդ կապակցությամբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանն ասել է․ «Մենք աջակցում ենք միաձայն դատապարտելու «Համաս»-ին հոկտեմբերի 7-ի ահաբեկչական գործողության համար։ Ինչո՞ւ է այդքան դժվար միանշանակ ասել, որ մանուկների սպանությունը, ծնողների գնդակահարությունը իրենց երեխաների առաջ սարսափելի է, որ տներ հրդեհելը, որտեղ պատսպարվել են ընտանիքներ, և քաղաքացիական անձանց պատանդ վերցնելը, զազրելի է»։

Գլխավոր ասամբլեայի գործող նախագահ Դենիս Ֆրենսիսը իր ելույթում ասել է, որ խնդրի էությունը շատ պարզ է՝ բռնությունը պետք է դադարեցվի. - «Մենք միայն մեկ առաջնահերթություն ունենք, միայն մեկ՝ փրկել կյանքեր»։

Ընդունված բանաձևը պարտադիր կատարման ուժ չունի։ Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևերը ավելի շուտ քաղաքական նշանակություն ունեն, որ արտահայտում են միջազգային տրամադրությունները։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մի քանի անգամ փորձ է արվել բանաձև ընդունել, բայց չի հաջողվել անդամ երկրների տարաձայնությունների պատճառով։

Բայդենը խիստ զգուշացում է արել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի հասցեին հանդես է եկել ամենախիստ զգուշացմամբ հոկտեմբերից ի վեր, երբ սկսվեց պատերազմը Իսրայելի ու «Համաս»-ի միջև։ Նախագահական իր ընտրարշավի հանդիպումներից մեկում Բայդենն ասել է, որ Իսրայելը սկսում է կորցնել աջակցությունը ոչ ընտրողաբար ռմբակոծությունների պատճառով։

«Իսրայելի անվտանգությունը կարող է հենվել Միացյալ Նահանգների վրա, բայց հիմա նա ավելին ունի, քան ԱՄՆ-ն։ Նա Եվրամիություն ունի, Եվրոպա, աշխարհի մեծ մասը, բայց նրանք սկսում են կորցնել աջակցությունը ոչ ընտրողաբար ռմբակոծությունների պատճառով» - ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ Իսրայելի հետ տարաձայնություններ կան՝ Նեթանյահուի կառավարությունը դեմ է իսրայելական և պաղեստինյան երկու պետություն լինելու գաղափարին, որը հետպատերազմական շրջանի համար առաջ է մղում Բայդենի վարչակազմը։

Բայդենը Իսրայելի վարչապետին կոչ է արել վերափոխել Իսրայելի պատմության մեջ ամենապահպանողական կառավարությունը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության տևական լուծումը գտնելու համար։

Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենն այսօր ասել է, որ Իսրայելը կշարունակի «Համաս»-ի դեմ պատերազմը միջազգային աջակցությամբ կամ առանց դրա։ Նրա խոսքերով՝ այս փուլում կրակի դադարեցումը նվեր կլինի ահաբեկչական կազմակերպությանը, ինչը նրան թույլ կտա վերադառնալ ու սպառնալ Իսրայելի բնակիչներին։

Վերջին շրջանում Միացյալ Նահանգները մի քանի անգամ զգուշացրել է Իսրայելին «Համաս»-ի դեմ պատերազմում հնարավորինս անել Գազայի հատվածի բնակիչների շրջանում զոհերից խուսփելու համար։

Գազայի հատվածում Իսրայելի բանակի մարտական գործողությունները շարունակվում են

Գազայի հատվածից հաղորդում են, որ իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը անցնում է 18 հազարը, սակայն այդ թիվը անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Հոկտեմբերի 7-ին ծայրահեղական «Համաս»-ի հարձակման հետևանքների մասին հաղորդել է նաև Իսրայելը՝ ավելի քան 1200 զոհ։ մասին։

Վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական բանակը 250 հարված է հասցրել «Համաս»-ի ենթակառուցվածքներին։ Գազայի հատվածը հաղորդում է երկու տասնյակից ավելի նոր զոհերի մասին։

Շարունակվող պատերազմում իսրայելական կողմը ևս կորուստներ է կրում։ Երեկվա մարտերի ընթացքում, ըստ պաշտոնական աղբյուրի, իսրայելցի 10 զինծառայող է զոհվել, այդ թվում՝ գումարտակի հրամանատար։ Իսրայելը նաև հայտնում է, որ Գազայի հատվածում պահվող 135 պատանդներից 19-ն այս ընթացքում զոհվել են։

Պատերազմի ընթացքում կողմերը միջազգային միջնորդական ջանքերի շնորհիվ մեկ շաբաթ հրադադար էին հաստատել, հաջողվել էր տասնյակ պատանդներ ու կալանավորներ փոխանակել, սակայն հրադադարը չհաջողվեց երկարաձգել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG