Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանում ուժի մեջ են մտել նոր կանոններ։ Դրանց համաձայն՝ այն քաղաքացիները, որոնց արգելված է լքել երկիրը, պարտավոր են հանձնել իրենց արտասահմանյան անձնագրերը։
Ենթադրվում է, որ անձնագիրը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է հանձնել այն տրամադրած մարմիններին (Ներքին գործերի նախարարություն կամ Արտաքին գործերի նախարարություն) կամ այն պետական կազմակերպություններին, որոնք սահմանափակել են իրենց աշխատակիցների արտասահման մեկնելը։
Ճամփորդության սահմանափակումը վերացնելուց հետո քաղաքացին պետք է կապվի փաստաթուղթը թողարկած կազմակերպության հետ և հետ ստանա իր անձնագիրը։
Ռուսաստանում քաղաքացիներն ունեն երկու անձնագիր՝ ներքին և արտասահմանյան, ներքին անձնագրերով ռուսաստանցիները չեն կարող ճամփորդել, նրանց պարզապես դուրս չեն թողնի երկրից. բացառությամբ մի քանի երկրի, որտեղ ռուսաստանցիները կարող են մեկնել ներքին անձնագրերով․ խոսքը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի, ինչպես նաև չճանաչված Հարավային Օսիայի և Աբխազիայի մասին է։
Ռուսաստանում արտասահման չեն կարող մեկնել օրինակ՝ ուժային մի շարք կառույցների ծառայողներ, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածները և մոբիլիզացվածները, քանի դեռ չի ավարտվել նրանց ծառայությունը։
Ընդ որում, մոբիլիզացվածների դեպքում պարզ չէ, թե երբ այն կարող է ավարտվել։ 2022 թվականից բանակ լայնածավալ զորակոչ սկսելու մասին հրամանագրում ասվում է, որ այս ժամանակահատվածում պայմանագրային և կամավոր հիմունքներով զորակոչված բոլոր զինվորականները կկարողանան լքել մարտական գոտին միայն «հառուկ ռազմական օպերացիայի» ավարտից հետո:
Այսպիսով, այսօր ուժի մեջ մտած օրենքը սահմանափակում է նաև ռազմի դաշտ չվերադառնալու դասալիքների հնարավորությունը, այսինքն՝ նրանք չեն կարողանա լքել Ռուսաստանը, քանի որ չեն ունենա անձնագրեր։ «Идите ллесом» նախագծի իրավապաշտպան Դարյա Բրեգը պատմում է, որ իրենց դիմողների թիվը կտրուկ աճել է այս տարվա հոկտեմբեր-նոյեմեբեր ամիսներին, քանի որ Ուկրաինայում ռազմական գորոծողություններին մասնակցող ուժերում չկա ռոտացիա. - «Դժվար է գնալ արձակուրդ, և մեզ դիմող դասալիքները պատմում են, որ ճակատ չվերադառնալու միակ շանսը վիրավորվելն է և փախուստի դիմել հոսպիտալից, որտեղ չեն վերահսկում զինվորականներին նույնքան խիստ, ինչպես ճակատում»։
Գրեթե երկու տարի Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանում մոբիլիզացիա հայտարավել է միայն անցած տարվա հոկտեեբերին, երկու ամիս անց իշխանությունները հայտարարեցին, որ այն հաջողությամբ ավարտվել է, և որ նոր մոբիլիզացիայի կարիք չի լինի։ Սակայն, նրանք, ովքեր արդեն հայտնվել են Ուկրաինայում՝ պայմանագրային զինծառայողները կամ զորակոչվածները մինչ օրս մնում են ճակատում, նրանց չեն զորացրում։
Ավելին, մինչ օրս էլ երիտասարդ տղամարդիկ Ռուսաստանում շարունակում են զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր ստանալ։ Նոյեմբերին օրինակ՝ Ռուսաստանում զինվորական տարիքի տղամարդկանց վրա 73 արշավանք է տեղի ունեցել, հայտնում է «Идите лесом» նախագիծը։
Ամենից հաճախ կանչերը բաժանվել են բուհերում, հանրակացարաններում, մետրոյում, սրճարաններում, բարերում, գիշերային ակումբներում, ինչպես նաև մզկիթներում և արևելյան խոհանոցի հաստատություններում: Որպես կանոն այդ ռեյդերը տեղի են ունենում խոշոր քաղաքներում։
Իրավապաշտպանների կարծիքով՝ նման արշավների նպատակը պայմանագրային զինծառայողների թվի ավելացումն է։