Մատչելիության հղումներ

«Օրրան»-ի հիմնադիրը պնդում է՝ հարևանությամբ կառուցվող շենքի շինաշխատանքներն ապօրինի են ընթացել


«Օրրան» երեխաների ցերեկային խնամքի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը բացելով սենյակներից մեկի պատուհանը՝ ցույց է տալիս՝ մի քիչ էլ ու ձեռքս կդիպչի նոր կառուցվելիք շենքի երկաթբետոնե ամրաններին։

Հղում է անում քաղաքաշինական և հակահրդեհային մի շարք նորմերի ու կանոնների՝ պնդելով՝ շինաշխատանքներն ապօրինի են ընթացել՝ խախտելով անգամ քաղաքապետարանի տված շինթույլտվությունը։ Հոկտեմբերին, հենց սկսվել է լայնամասշտաբ աշխատանքը, ահազանգել են, որ վտանգվում է կենտրոն այցելող հարյուրավոր երեխաների կյանքն ու առողջության իրավունքը:

«Քաղաքապետարանն իրեն թույլտվություն է տվել 2,5 մետրի, ուրեմն նույնիսկ քաղաքապետարանի անօրինական որոշումը չի հետևել ու բացի դրանից շեղում կա իր շինարարության, թույլտվությունը մի տեղ է տրված, ինքը շեղված է այդտեղից: Ամեն պատճառ կա, որ անմիջապես կասեցնեն», - ասաց Հովհաննիսյանը:

Սա հենց հոգեբանական աջակցության սենյակն է։ Հովհաննիսյանն ասում է՝ լուրջ խնդիրներով տասնյակ երեխաների համար ամեն օր հոգեբանը փորձում է լույսի պատուհան բացել, մինչդեռ շուտով դիմացը ևս մի պատ է կառուցվելու:

Կառավարությունից, վերահսկողական մարմիններից, ըստ Հովհաննիսյանի, դեռ չեն ոչ մի արձագանք։ Քաղաքապետարանն էլ սահմանափակվել է ասելով, որ շինթույլտվությունը տրված է։ «Օրրան»-ում ասում են՝ դեմ չեն կառուցապատմանը. դեմ են ապօրինությանը։

«Արդյոք իրենց տված թույլտվությանը հետևում են և երկրորդ՝ արդյոք իրենց թույլտվությունն օրինական է, թե՝ ոչ», - ընդգծեց «Օրրան»-ի հիմնադիրը:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից «Ազատությանը» փոխանցեցին՝ բողոքն այսօր են ստացել, ուսումնասիրում են դեռ։ Երևանի քաղաքապետարանից էլ հայտնեցին՝ վաղը հենց տեղում իրավիճակին կծանոթանան։

Շինհրապարակում փակցված պաստառից տեղեկանում ենք՝ պատվիրատու Արգամ Հովհաննիսյանը Եկմալյան 6/3 հասցեում կառուցապատման թույլտվությունը ստացել է անցած տարի հոկտեմբերին: Դեկտեմբերի 15-ին լրանում է շինթույլտվության ժամկետը, պետք է նորից դիմեն։ «Օրրան»-ում պահանջում են քաղաքային իշխանությունից հրատապ քանդել արդեն իսկ կառուցածը։

Ըստ նախագծի՝ պետք է կառուցվի Հասարակական նշանակության շինություն, թե կոնկրետ ինչ, մանրամասներ չհաղորդեցին ոչ քաղաքապետարանից, ոչ էլ տարածքում շրջող տղամարդը բացահայտեց։ Թույլ տվեց նկարահանել տարածքը, սակայն ներկայանալ և նկարահանվել չցանկացավ՝ ասելով միայն, թե սա իր ընկերոջ օբյեկտն է։ Լրագրողների հարցերից էլ բարկացավ, թե պետք լինի «Օրրան»-ն էլ կքանդեն։

Շինարարության պատվիրատու Արգամ Հովհաննիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ «Օրրան»-ը վստահեցնում է՝ եթե ապօրինությունը չդադարեցվի, կդիմեն դատարան։

«Օրրան»-ի հիմնադիրը պնդում է՝ հարևանությամբ կառուցվող շենքի շինաշխատանքներն ապօրինի են ընթացել
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG