Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վեց հրամանագիր է ստորագրել հարևան Գայանայի նավթով հարուստ Էսեկիբո շրջանի բռնակցման մասին։ Այս մասին հայտնում է վենեսուելական Ultimas Noticias թերթը։
Ձեռնարկվող միջոցառումների թվում են Վենեսուելայի նոր քաղաքական և վարչական քարտեզի պաշտոնական հաստատումը և տարածաշրջանի վենեսուելացի ղեկավարի նշանակումը: Նախագահի հրամանագրով` Գայանայից բռնակցվող տարածքը կդառնա Վենեսուելայի 24-րդ նահանգը և կկոչվի «Գայանա-Էսեկիբա»:
Բռնակցման որոշումն ընդունվել է Վենեսուելայում անցկացված «հանրաքվեի» արդյունքներով: Ըստ պաշտոնական արդյունքների` քաղաքացիների ավելի քան 95 տոկոսը հավանություն են տվել Էսեկիբոյի բռնակցմանը:
Փորձագետներն ու լրատվամիջոցները ենթադրում են, որ «հանրաքվեի» ընթացքում կեղծիքներ են տեղի ունեցել, բացի այդ՝ ընտրողների ցածր մասնակցություն է գրանցվել:
Նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել հայրենակիցներին ամենայն խստությամբ դատապարտել բռնակցման քննադատներին:
«Պետք է վերջ տալ դավաճանություններին, հինգերորդ շարասյունը պետք է լռեցվի», - ասել է Մադուրոն:
Նախօրեին Գայանայի նախագահ Իրֆաան Ալին Associated Press-ին ասել է, որ իր կառավարությունն արդեն դիմել է դաշնակիցներին և տարածաշրջանային գործընկերներին ռազմական օգնության համար:
«Եթե Վենեսուելան շարունակի գործել այս անխոհեմ և արկածախնդիր ձևով, ապա ամբողջ տարածաշրջանը ստիպված կլինի միջամտել: Մենք տարածաշրջանային պատասխան ենք պատրաստում», - ասել է Ալին:
Գայանայում Էսեկիբոյի շրջանում ապրում է ավելի քան 280 հազար մարդ։ Շրջանի բռնակցման գաղափարը դատապարտել են Մեծ Բրիտանիան, Ազգերի Բրիտանական Համագործակցությունը (որի անդամ է նախկին բրիտանական գաղութ Գայանան), Կարիբյան համայնքը, Ամերիկյան պետությունների կազմակերպությունը և Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկան:
Բրազիլիան մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ընդգծել է, որ չի ցանկանում նոր պատերազմ Հարավային Ամերիկայում, և հայտարարել է բանակցություններում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին։
Ռուսաստանը հայտարարել է Մադուրոյի Մոսկվա այցի մասին մինչև 2023 թվականի ավարտը։
Էսեկիբոն զբաղեցնում է Գայանայի գրեթե երեք քառորդը և տարածքով համեմատելի է Թունիսի հետ:
Վենեսուելան այդ շրջանին հավակնում է 1811 թվականից, երբ անկախացել է Իսպանիայից, իսկ Էսեկիբոն մնացել է Մեծ Բրիտանիային, որի գաղութը Գայանան էր։
Իրավիճակը սրվել է 2015 թվականին, երբ Էսեկիբոյում նավթի և գազի հանքավայրեր են հայտնաբերվել:
2023-ի դեկտեմբերի սկզբին Արդարադատության միջազգային դատարանը Վենեսուելային պարտավորեցրել է ձեռնպահ մնալ Գայանայի հետ տարածքային վեճում իրավիճակը փոխելու ցանկացած գործողությունից։