Մատչելիության հղումներ

Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների. Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը


Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ։

Ազատ արձակված զինծառայողների անունները, սակայն, դեռ չեն հրապարակվել, ինչպես նաև, թե երբ է իրականացվելու նրանց վերադարձը։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Հայաստանին վերադարձվող անձինք 2020թ. դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ «իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ ձերբակալվածներն են», մնացած 6-ը ձերբակալվել են սահմանին տարբեր ժամանակահատվածներում, և արդեն իսկ իրենց պատժի մեծ մասը կրել են։ Նրանց թվում չկան Արցախի կալանավորված նախկին պաշտոնյաները։

2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից մոտ մեկ ամիս անց հաղորդվեց, որ ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ են առել Հադրութի շրջանում հայկական մնացած վերջին երկու՝ Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը՝ գերեվարելով 64 պահեստազորայինների։ Նրանց մի մասին Բաքուն վերադարձրեց, իսկ 26-ը դեռ պահվում են ադրբեջանական բանտերում՝ տարատեսակ մեղադրանքներով դատապարտվելով մինչև վեց տարվա ազատազրկման։

Իրավապաշտպանների տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում 55 հայ է պահվում, 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ և 6 քաղաքացիական անձ։

Հայտարարությունը տարածած երկու գերատեսչությունները նշում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին։

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների», - ասված է հայտարարության մեջ:

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանը նաև իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը:

Երկու երկրները հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:

Նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը`աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար:

XS
SM
MD
LG