Մատչելիության հղումներ

Սիմոնյան. Մոսկվան շանս ունի ցույց տալու, որ, այնուամենայնիվ, հավատարիմ է ստորագրված փաստաթղթերին


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մինսկում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի ժամանակ, 18-ը մայիսի, 2023թ.
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մինսկում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի ժամանակ, 18-ը մայիսի, 2023թ.

«Ռուսաստանը շանս ունի ցույց տալու, որ ինքն, այնուամենայնիվ, հավատարիմ է ստորագրված փաստաթղթերին», - անդրադառնալով Մոսկվայից 400 միլիոն դոլարի դիմաց զենքի՝ այդպես էլ ավարտին չհասած գործարքին, այսօր հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:

Ալեն Սիմոնյանը կիսում է պաշտոնական Մոսկվայից երեկ հնչած դիրքորոշումը, թե հարցը հնարավոր է լուծել գործընկերային մթնոլորտում:

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն էր ողջունել զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը: Իսկ նման ցանկության մասին օրերս խոսել էր Հայաստանի պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը:

«Եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դա փաստ է, որ չեն կատարվում, Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանի իր շահերը», - ասաց Սիմոնյանը:

Մոտ երկու շաբաթ հետո Մոսկվայում սպասվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը, որին Ալեն Սիմոնյանը չի մասնակցի, ասաց՝ այդ նիստերին մասնակցելու իմաստ չի տեսնում, քանի որ Մոսկվան չի կատարում իր պարտավորությունները:

Անդրադառնալով հարցին՝ Երևանը քննարկո՞ւմ է արդյոք մոսկովյան հարթակում բանակցությունների անցկացման առաջարկը, Սիմոնյանը նշեց՝ հայկական կողմի համար տարբերություն չկա, թե բանակցությունները որ հարթակում կլինեն, կարևորը՝ գործող հարթակ լինի: Իսկ Ադրբեջանը, ըստ Սիմոնյանի, խուսափում է միջազգային հարթակներից:

«Ինչո՞ւ միջազգային հարթակներ չի գալիս՝ որովհետև, կարծում եմ, որ այն էթնիկ զտումը, որն իրականացվեց, այն գործելաոճը, աշխատելաոճը, որը տեսան միջազգային գործընկերները, բավականին բարդ կացության մեջ է դրել Ադրբեջանին, դա փաստ է: Փաստ է, որ որպես գործընկեր միջազգային առումով Ադրբեջանը, իմ գնահատմամբ, բավականին սխալ ու վատ է իրեն պահել», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG