Ռուսաստանի հարցերով փորձագետ Նարեկ Սուքիասյանը կարծում է, որ Բաքվի ռեժիմը հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։
Նրա հետ «Ազատության» հարցազրույցից մի հատված ստորև.
«Ազատություն». - Դուք կարծո՞ւմ եք՝ Ադրբեջանն իսկապես ուզո՞մ է խաղաղության պայմանագիր կնքել, ինչպես որ պարբերաբար լսում ենք Բաքվից։
Նարեկ Սուքիասյան. - Բաքվի ռեժիմը դրանում այդքան էլ հետաքրքրված չէ, ի թիվս այլ պատճառների, կարծում եմ, որ կարևոր պայմաններից է այն, որ Բաքվում իշխանությունը տասնամյակներ ի վեր իր լեգիտիմությունը գտել է թշնամանքի մեջ, ու Ադրբեջանի հասարակություն զսպեք, տարեք, այս բոլոր կտտանքները, ազատությունների սահմանափակումները, տնտեսական աճի բացակայությունը, սոցիալական վատ պայմանները և այլն, նրա համար, որ մենք մեր բոլոր ռեսուրսները կենտրոնացնենք Ղարաբաղի վերադարձին։ Հիմա երբ կարծես այդ օրակարգը բավարարված է, կարծես թե Ալիևի իշխանությունը՝ լեգիտիմությունը դժվար է գտնել այլ պայմաններ, որոնց վրա կարող է հիմնվել։ Հետևաբար, թշնամանքը, որը կոնսոլիդացիոն գործոնն է եղել Ադրբեջանի հասարակության մեջ, Ալիևի ռեժիմը կարիք ունի շարունակելու։
Անգամ եթե Ղարաբաղի հարցը, ըստ իրենց, լուծված է, ապա պետք է գտնել նոր կոնֆրոնտացիոն կետեր, ինչը կարող է լինել թե՛ անկլավների հարցը, թե՛ այսպես կոչված՝ «Զանգեզուրյան միջանցքը», թե՛ «Արևմտյան Ադրբեջանի կամ վերաբնակեցման հարցը», որոնք, կարող ենք, տեսնել, որ իրոք ի հայտ եկան այն ծավալով, որով մենք այսօր տեսնում ենք ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ նոր օրակարգերի անհրաժեշտություն էր պետք նոր թշնամանք սերմանելու համար։