Սպիտակ տան կառավարման և բյուջեի բաժնի ղեկավար Շալանդա Յանգը նամակ է հղել Կոնգրեսի ղեկավարներին՝ զգուշացնելով, որ Ուկրաինային սատարելու կառավարության ֆինանսական հնարավորությունները տարեվերջին ամբողջությամբ կսպառվեն:
«Մենք չունենք ֆինանսներով լի կախարդական կաթսա, որպեսզի կարողանանք հաղթահարել այս իրավիճակը: Մենք այլևս փող չունենք և ժամանակ էլ գրեթե չունենք»,- ասվում է նամակում, որից մի հատված մեջբերում է Bloomberg լրատվական գործակալությունը:
Յանգի փոխանցմամբ՝ ամերիկացի օրենսդիրների անգործության հետևանքով «Ուկրաինան ծնկի կբերվի և պարտություն կկրի մարտի դաշտում, և դա ոչ միայն կվտանգի Ուկրաինայի ձեռքբերումներն, այլև կմեծացնի ռուսական ռազմական հաղթանակների հավանականությունը»:
Սպիտակ տունը ցանկանում է, որ ԱՄՆ Կոնգրեսը հնարավորինս արագ հաստատի փաթեթը, որը ներառում է ավելի քան 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային։
Ներկայացուցիչների տան հանրապետականները Կիևին տրամադրվելիք օգնությունը պայմանավորում են Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության ամրապնդման ֆինանսավորմամբ:
Հարցի շուրջ քննարկումները դեռևս արդյունք չեն ապահովել, մինչդեռ, օրենսդիրների մոտ դեկտեմբերի 15-ից Սուրբ Ծննդյան արձակուրդ է սկսվելու:
Սպիտակ տունը 2024-ի ֆինանսական տարում, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին, Կոնգրեսից խնդրել է լրացուցիչ խոշոր ֆինանսավորում Իսրայելին և Ուկրաինային աջակցելու, ինչպես նաև Չինաստանին և Ռուսաստանին Ասիայում հակազդելու համար:
Ընդհանուր հաշվով այդ նպատակով Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսից 106 միլիարդ դոլար է խնդրում։
Կոնգրեսի Ներկայացուցիչների տան և Սենատի մի քանի հանրապետականներ վերջին շրջանում հրապարակավ դեմ են արտահայտվել Կիևին ֆինանսական օգնության տրամադրման շարունակմանը:
Ներկայացուցիչների տան խոսնակ, Լուիզիանայից ընտրված հանրապետական կոնգրեսական Մայք Ջոնսոնը նախազգուշացրել է, որ Ուկրաինային հետագա օգնության տրամադրումը կապված է ԱՄՆ հարավային սահմանի հսկողության ամրապնդման հետ։