Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը այսօր Սկոպյեում կայացած հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր։
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն, վերահաստատելով տարածաշրջանում կայունության հաստատման հարցում իր ամուր հանձնառությունը և չնայած առկա մարտահրավերներին, որոնք բխում են նաև ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից, շարունակում է ակտիվ ներգրավածությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցում։ Միրզոյանը նշել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։
Արտգործնախարարն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նշելով երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ միանշանակ և միջազգային գործընկերների համար ընկալելի դիրքորոշումը։
Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինա Պիրիսը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ։