Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագիրն ունենա երաշխավորման համակարգ, «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Զրույցից հատվածներ ենք ներկայացնում ստորև.
«Ազատություն». - Արդյոք ընդունելի է երկկողմանի բանակցությունների ձևաչափը խաղաղության պայմանագրի դեպքում՝ առանց միջնորդի
Վահագն Ալեքսանյան. -Ընդունելի է, թե ոչ, ես կարծում եմ՝ ինչ-որ կտրուկ պատասխան պետք չէ տալ այս թեմայով, որովհետև կարծում եմ՝ ճիշտ չէ և՛ կտրուկ մերժելը, և՛ միանգամից համաձայնվելը այս թեմային, որովհետև մենք միշտ նշել ենք, որ շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագիրն ունենա երաշխավորման համակարգ՝ որպես այդպիսին, այսինքն՝ խոսքը չի գնում, որ կոնկրետ մի երկիր կլինի երաշխավոր, այլ որոշակի երաշխիքներ լինեն այդ պայմանագրի տակ։ Բնականաբար, եթե երկկողմանի բանակցություններ ընթանան, այստեղ այդ երաշխիքների թեման փոքր-ինչ պակասում է, եթե ոչ կտրուկ է պակասում, ու այս պարագայում հարցերը, որոնք մեծ հաշվով կարելի է քննարկել երկկողմ ձևաչափով, օրինակ՝ այն, ինչ որ նշել էր ԱԳՆ-ն, ես կարծում եմ, որ դրանք կարելի է, ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ չքննարկել, բայց ինչ վերաբերում է ընդհանուր խաղաղության փաստաթղթին, այստեղ ես կարծում եմ, որ պետք է չափազանց զգույշ մոտենալ հարցին։
«Ազատություն». - Այդ դեպքում ինչո՞ւ ոչ Ռուսաստանի միջնորդությամբ կամ երաշխավորությամբ, օր չկա, որ Մոսկվայից չկանչեն, հատկապես երբ Ալիևն էլ մերժում է Բրյուսելն ու Վաշինգտոնը։
Վահագն Ալեքսանյան. - Հարցի լավագույն պատասխանը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, ավելի ճիշտ՝ բոլոր դրա չկատարված կետերը, ավելին՝ կոպտորեն խախտված դրա բոլոր կետերը, ոչնչացված ու ոտնատակ տրված դրա բոլոր կետերը խոսում են այն մասին, թե ինչու ոչ։
«Ազատություն». - Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը, ռուսական ներկայությունն է այստեղ՝ տնտեսական, ռազմական։
Վահագն Ալեքսանյան. - Շատ լավ, բայց դա չի փոխում նախորդ հարցին իմ պատասխանը։
«Արևմուտքից առնվազն հստակ արձագանքներ են հնչել»
«Ազատություն». - Ծանո՞թ եք Ձեր հանձնաժողովի անդամ, «Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանի դիտարկմանը, որ բա եվրոպական դիտորդները որ սահմանն են դիտարկում։
Վահագն Ալեքսանյան. - Եվրոպական դիտորդները դիտարկում են Հայաստան-Ադրբեջան շփման գիծը։
«Ազատություն». - Ենթադրաբար ՀԱՊԿ-ն էլ է չէ՞ այդտեղ գալու։
Վահագն Ալեքսանյան. - Ենթադրաբարը, հասկանում եք, այլ արտահայտություն է, Արևմուտքից առնվազն հստակ արձագանքներ են հնչել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումների պարագայում, մենք դա գիտեինք։
«Ազատություն». - Նախօրեին Սերժ Սարգսյանն ասել է՝ մենք գիտեինք այդ կառույցի հետ աշխատելու ձևը, և երեք տասնամյակ այդ համակարգը գործել է, ինչո՞ւ հանկարծ ձեր դեպքում չեղավ։
Վահագն Ալեքսանյան. - Փայլուն են աշխատել ուղղակի Սերժ Սարգսյանն ու իր թիմն այդ կառույցի հետ, որպես Սերժ Սարգսյան- ՀԱՊԿ համագործակցության վառ օրինակ կարելի է դիտարկել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարված 5 միլիարդի զենքը, այդ թվում՝ ծանր հրետանի հարձակվողական։
Ամբողջությամբ՝ տեսանյութում.