Գազայում քառօրյա հրադադարը շատ կարևոր քայլ է, սակայն ավելին է պետք անել Իսրայելի և «Համաս»-ի հակամարտությունը կարգավորելու համար: Այդ մասին Բարսելոնայում գումարված Միջերկրական միության համաժողովում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
Բորելն իր ուղերձում նաև դիմել է հավաքին չմասնակցող Իսրայելին՝ Գազան «նորից չգաղութացնելու» կոչով:
«Պաղեստինյան պետությունը Գազայում, Հորդանանի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում՝ երկարատև կտրվածքով Իսրայելի անվտանգությունը երաշխավորող լավագուն և միակ լուծումն է: Չի լինի Իսրայելի համար խաղաղություն կամ անվտանգություն առանց Պաղեստինի պետության»,- ասել է Բորելը:
Հավաքին մասնակցում են նաև Պաղեստինի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Ռիյադ ալ-Մալիքին և արքայազն Ֆայսալ բին Ֆարհանը: