Մատչելիության հղումներ

Էրնեկյանի նախկին ենթակաները իշխանության են գալիս Արգենտինայում


Արգենտինահայ Էդուարդո Էրնեկյան
Արգենտինահայ Էդուարդո Էրնեկյան

Միլիարդատեր և Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էրնեկյանի նախկին ենթակաները իշխանության են գալիս Արգենտինայում։ Դա պարզ դարձավ հարավամերիկյան այդ երկրում կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո։ Երկու փուլով ավարտված նախագահական ընտրությունների հաղթողը դարձավ 2001 թվականից Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարումն իրականացնող «Կորպորասիոն Ամերիկա» կոնցերնի նախկին գլխավոր տնտեսագետ Խավյեր Միլեյը։

Արգենտինայի նորընտիր նախագահը Էրնեկյանի ընկերությունում աշխատել է ավելի քան 13 տարի՝ 2008-ից 2021 թվականներին։ Ավելին, ըստ տեղական մամուլի, Միլեյը Էրնեկյանի նախկին ենթականերից ևս երկուսին պատրաստվում է առանցքային պաշտոնների նշանակել Արգենտինայի ապագա կառավարության կազմում։

«Նիկոլաս Պոսսեն, որ նախկինում աշխատել է Էրնեկյանի ղեկավարած ընկերությունների խմբում, հաստատվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնում և համակարգելու է բոլոր նախարարությունների աշխատանքը», - գրում է Արգենտինայի խոշորագույն անգլալեզու պարբերականը՝ Buenos Aires Times-ը։

«Էրնեկյանի ենթականերից ևս մեկը՝ 2000-ից 2007 թվականներին նրա ընկերության կազմում բարձր պաշտոններ զբաղեցրած Գիլյերմո Ֆրանկոն, որն այժմ Խավյեր Միլեյի գլխավոր խորհրդականն է, առաջիկայում կսկսի աշխատել, որպես ներքին գործերի նախարար», - նշում է թերթը։

Արգենտինական աղբյուրները պնդում են, որ Միլեյի ընտրությունն ու նրա առաջին կադրային որոշումները կարող են զգալիորեն մեծացնել 90-ամյա Էրնեկյանի ազդեցությունը երկրի ներսում։ Financial Times-ի պնդմամբ՝ Արգենտինայի չորրորդ ամենահարուստ մարդը հանդիսացող Էրնեկյանն ու նոյեմբերի 19-ին շուրջ 15 միլիոն քե ստացած Միլեյը բավական ջերմ անձնական կապեր ունեն։

«Վերլուծաբանների պնդմամբ՝ Էրնեկյանը Միլեյի վրա որոշիչ ազդեցություն ունի», - գրում է Financial Times-ը՝ Էրնեկյանին որպես նորընտիր նախագահի «ինտելեկտուալ հայր» բնութագրելով։

Թերթի պնդմամբ՝ ամիսներ շարունակված ընտրարշավի ընթացքում Էրնեկյանը արգենտինացի խոշոր գործարարներից միակն էր, որ Միլեյի կառավարչական հմտությունները կասկածի տակ չէր դնում։

«Միլեյն իր բնույթով տնտեսագետ է և տեխնոկրատ։ Ես վստահ եմ, որ նա շուկայական տնտեսությունը պաշտպանող գլխավոր թեկնածուն է», - ընտրությունների առաջին փուլի շեմին նշել էր Էրնեկյանը։

Հայազգի գործարարի և Արգենտինայի նորընտիր նախագահի սերտ հարաբերությունների ևս մեկ ապացույցը ընտրությունների երկրորդ փուլից մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքն էր, երբ տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով իր և Միլեյի կապերի մասին հարցին, Էրնեկյանը կատակել էր՝ «ես 3700 աշխատող ունեմ, սակայն նրանցից միայն մեկն է, որ ինձ նման վատություն է արել՝ պայքարելով նախագահի պաշտոնի համար»։

«Կարծում եմ, որ Էրնեկյանի կատակը բավական զվարճալի էր», - սրան հակադարձել էր Միլեյը՝ հասկացնելով, թե իրեն այն դուր է եկել։

Էրնեկյանին Միլեյի ոչ բոլոր նախընտրական խոստումներն են դուր գալիս

Էրնեկյանին, սակայն, Միլեյի ոչ բոլոր գաղափարներն ու նախընտրական խոստումներն են, որ դուր են գալիս։

Միլիարդատերն, օրինակ, իր նախկին ենթակային քննադատում է ծնունդով արգենտինացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին վատաբանելու համար։

«Ինքը՝ Էրնեկյանը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, սակայն Միլեյի՝ Ֆրանցիսկոսին ուղղված կոշտ հայտարարությունները, մասնավորաբար պնդումը, թե նա «Չարիքի ներկայացուցիչն է այս աշխարհում», գործարարին դուր չեն գալիս», - գրում է Financial Times-ը՝ մեջբերելով Էրնեկյանի հետևյալ պնդումը՝ «ես հարգում եմ Ֆրանցիսկոսին։ Նա այն մարդն է, որ փորձում է աշխարհում խաղաղություն հաստատել»։

Էրնեկյանը քննադատում է նաև Միլեյի տնտեսական ծրագրի դրույթներից մի քանիսը։ Խոսքը նախևառաջ նրա այն առաջարկության մասին է, որի համաձայն Արգենտինայի ֆինանսական շուկայի առողջացման համար հարկավոր է լուծարել երկրի Կենտրոնական բանկն ու հրաժարվել ազգային տարադրամից՝ անցնելով ամերիկյան դոլարի։

«Պարզապես անհեթեթություն է անցնել դոլարի, որովհետև չես կարողանում կայունացնել սեփական երկրիդ տարադրամը», - Financial Times-ի հետ զրույցում նշել է Էրնեկյանը՝ պնդելով, թե Միլեյի կողմից առաջարկվող որոշ լուծումներ՝ «պարզունակացնում են արգենտինական տնտեսության առջև ծառացած խնդիրները»։

Եվս մեկ հաճախ հնչող հարցի պատասխանելով՝ Էրնեկյանը պնդում է, թե իր ընկերության նախկին գլխավոր տնտեսագետի քարոզարշավը ինքը չի ֆինանսավորում։

«Միլեյին ցուցաբերած Էրնեկյանի աջակցությունն առավելապես սոցիալական կապերի ստեղծմանն ու [վերնախավում] դռներ բացելուն էր վերաբերում», - Financial Times-ի հետ զրույցում նշում է Արգենտինայի ընտրյալ նախագահի առաջին կենսագրության՝ El Loco («Խելագարը») կոչվող գրքի հեղինակ Խուան Լուիս Գոնսալեսը՝ ընդգծելով սակայն, որ արգենտինահայ միլիարդատերը խրախուսել է Միլեյին քաղաքականությամբ զբաղվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG