ԱՄՆ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Բրայան Նելսոնը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա, որտեղ ի շարս այլ հարցերի, կքննարկի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պահպանելու պահանջը:
ԱՄՆ ֆինանսների նախարարի ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Նելսոնն այս տարի արդեն երկրորդ անգամ է այցելելու Անկարա:
Նա կխնդրի թուրքերին հետևել ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությանը, որն իրականացվում է ռուսական մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի նկատմամբ:
Վաշինգտոնը պատժամիջոցների ցանկում է ներառել թուրքական որոշ ընկերությունների և անհատ գործարարների անունները՝ դա պատճառաբանելով նրանց կողմից ռուսներին և «Համաս»-ի ահաբեկիչներին ցույց տրվող աջակցությամբ:
Թուրքիան կիրառում է ՄԱԿ-ի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, սակայն դեռևս հրաժարվում է միանալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի սահմանած պատժիչ գործողություններին, պատճառաբանելով, թե դա կբարդացնի իր միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում:
Այդուհանդերձ, Թուրքիան որոշ քայլեր է ձեռնարկել Արևմուտքի մտահոգությունները մեղմելու համար ու, մասնավորապես, այս տարվա մարտին դադարեցրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից արգելված ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան, թեև որոշման մասին երբեք հրապարակավ չի հայտարարել: