Մատչելիության հղումներ

Բայդենը և Նեթանյահուն կշարունակեն աշխատել բոլոր պատանդներին ազատելու ուղղությամբ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցում համաձայնել են շարունակել աշխատանքը Գազայի հատվածում պատանդներին ազատելու համար:

«Առաջնորդները պայմանավորվել են շարունակել աշխատել պատանդառված բոլոր մարդկանց ազատելու ուղղությամբ»,- ասվում է Սպիտակ տան հրապարակած հաղորդագրությունում:

Բացի այդ, Բայդենը և Նեթանյահուն պայմանավորվել են առաջիկա օրերին այդ հարցի շուրջ շարունակել իրենց շփումները։

Միացյալ նահանգների ղեկավարը ողջունել է պատանդներից մի քանիսի ազատ արձակումը: Նրանց թվում եղել է նաև մի ամերիկուհի:

Միաժամանակ Բայդենն X-ի էջում գրել է, որ «Համաս»-ի և Իսրայելի հակամարտության միակ լուծումը կապահովի պաղեստինյան պետության ստեղծումը:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:

«Երկպետության լուծումը միակ ճանապարհն է, որը կերաշխավորի ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի երկարաժամկետ անվտանգությունը, կապահովի, որ և՛ իսրայելցիները, և՛ պաղեստինցիները կարողանան ապրել ազատության և արժանապատվության հավասար պայմաններում: Մենք չենք հրաժարվի այդ նպատակին հասնելու ջանքերից»,- գրել է ԱՄՆ նախագահը:

«Համաս»-ի ներկայացուցիչ Ուսամա Համդանն, իր հերթին, Al Jazeera հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում ասել է, թե հարցը լուծելու համար Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումը Գազայի գոտում և կատարի Պաղեստինի ժողովրդի նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG