Մատչելիության հղումներ

Երևանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվել է պետությանը


Երևանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող մի քանի միլիոն դոլար արժողության ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվել է պետությանը, գլխավոր դատախազը չթաքցրեց՝ ուրախ է այս զարգացման համար։

Շենքը վերադարձվել է Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճռով, հուշարձանի յուրացման քերական գործով անցնում է Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, ինչպես նաև Մշակույթի նախկին նախարար, այժմ հետախուզվող Հասմիկ Պողոսյանը։ Նման խոշոր յուրացումները Հայաստանին վերադարձնելու դեպքերը, սակայն, վերջին տարիներին շատ չեն, մինչ օրս ապօրինի գույքի գործերով կնքվել է ընդամենը 4 համաձայնություն, վերադարձվել է ընդամենը 6 անշարժ գույք, մյուս դեպքերում գործն ընթացքում է:

Փաշինյանը չի համարում թե «հակակոռուպցիոն պայքարն այսօր Հայաստանում պատշաճ մակարդակի վրա է»

2020 թվականի սեպտեմբերից ի վեր դատախազությունը դատարան է ուղարկվել 93 հայցադիմում 1000 անշարժ գույքի վերաբերյալ, որոնց ընդհանուր հայցագինը գերազանցում է 1 միլիարդ դոլարը։ Պարզ չէ, սակայն, երբ ի վերջո կքննվեն այս գործերը։

«Այսինքն՝ ապօրինի գույքով մենք ունենք 93 հայցադիմում, պետական շահերի պաշտպանության ոլորտում՝ 235 հայցադիմում», - ներկայացրեց գլխավոր դատախազը:

Վարչապետն, այնուամենայնիվ, հակադարձեց՝ ո՛չ ինքը, ո՛չ հանրությունը գոհ չեն այս գործընթացներից։ Փաշինյանը հիշեցրեց՝ հեղափոխության ընթացքում և դրանից հետո իշխանությունը խոստացել է վերադարձնել պետությունից գողացված գույքը, բայց 5 տարի անց արդյունքները կարելի է հաշվել ձեռքի մատների վրա։ Հայտարարեց՝ չի համարում թե «հակակոռուպցիոն պայքարն այսօր Հայաստանում պատշաճ մակարդակի վրա է»։

«Որևէ մեկը չի կարող ասել, որ իրավապահ համակարգը իր գործունեության արդյունավետության համար կառավարությունից ակնկալել է որևէ բան և դա չի տրվել կառավարության կողմից: Եկեք նայենք ֆինանսավորումները 2018 թվականին՝ սկսած ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, շատ կոնկրետ նյարդ է առաջացնում և' հանրության շրջանում, և՛ կառավարության շրջանում, և՛ կառավարող մեծամասնության շրջանում, որ մենք այս 5 տարի է դատարկ էինք խոսում, օդում ուղղակի խոսո՞ւմ էինք, որ էս ենք անելու, էս ենք անելու», - ասաց վարչապետը:

Հակակոռոպցիոն ու Քննչական կոմիտեների ղեկավարների ու դատախազի ելույթներից տպավորություն ստեղծվեց, թե այս իրավիճակի գլխավոր մեղավորը դատարաններն են, որտեղ գործերը կարող են տարիներին ձգձգվել։

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարն օրինակ բերեց. - «Մենք հիմա քրեական գործ ունենք ուղարկած դատարան մոտ 20 մլն դրամ կաշառքի դիմաց անորակ ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ, այդ քրեական գործը դատարանը վարույթ ընդունելուց հետո բոլոր մեղադրյալներին կալանքից ազատել է: Ես ամենևին չեմ ուզում հիմա քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, երբ որպես պրակտիկա կալանքի տակ չգտնվող մեղադրյալների դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են»:

Փաշինյանն առաջարկեց այսուհետ վիճակագրությունը վարել ըստ դատավճիռների. - «Այստեղից պետք է հետևություն անենք՝ մենք աշխատանք անում ենք, թե չենք անում, որովհետև գործը գնացել է դատարան, շատ լավ գնացել է, հեսա 20 տարի կքննեն, կպարզվի վաղեմության ժամկետն անցել է, մի հատ էլ մեղադրական դատավճիռ կկայացնեն, որը դե յուրե շատ բան է նշանակում, դե ֆակտո ոչ մի բան չի նշանակում: Էդ մարդիկ, էդ 20 տարվա պայմանական.... ամառները արձակուրդ կգնան, կազինոյի սեզոնին կազինո կգնան»:

«Այս ոլորտներում հաջողություններ ունենալու համար դատաիրավական համակարգի բոլոր խմբերը պիտի վեթինգի ենթարկվեն»

Դեռ տարիներ առաջ ակնհայտ էր, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում նման արդյունք է լինելու, ասում է Գյումրիի Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, որը պնդում էր՝ առանց վեթինգի հնարվոր է չէ Հայաստանում ունենալ շոշափելի արդյունքներ իրավապահ ու արդարադատության ոլորտներում։

«Որոշ դատավորների նկատմամբ բողոքները ԲԴԽ-ում քննելով ու որոշումներով կարելի է դատական համակարգը բարեփոխել, ոչ, այդպես չի բարեփոխվում դատական համակարգը: Մինչև հիմա գլխավոր իշխանությունը և վարչապետը չեն հասկացել, որ այս ոլորտներում հաջողություններ ունենալու համար դատաիրավական համակարգի բոլոր խմբերը պիտի վեթինգի ենթարկվեն՝ ոստիկանությունից սկսած քննչական մարմիններով, քննիչներով, դատախազներով և, իհարկե, դատավորներով», - ընդգծեց Բարսեղյանը:

Ըստ Լևոն Բարսեղյանի և Հայաստանի քաղհասարակության այլ ներկայացուցիչների՝ Հայաստանում դատավորները, քննիչները, դատախազները պետք անցնեին այսպես ասած մաղիչ ցանցերով, գիտելիքների ստուգումից մինչև եկամուտների քննում, ինչպես նաև համակարգից պետք է հեռացվեին այն դատախազներն ու դատավորները, որոնց պատճառով Հայաստանը պարտություններ է կրել ՄԻԵԴ-ում։

Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ այսպիսի տեմպերով մի քանի տարի հետո վարչապետը ընդամենը ևս մի անգամ կարձանագրի, որ այս պայքարում էական արդյունքներ չկան։ Ապօրինի գույքի բռնագանձման գործերով մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ են անցնում, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները։

XS
SM
MD
LG