ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից՝ կապված Ադրբեջանին տրամադրվող օգնության հետ:
1992 թվականին ԱՄՆ օրենսդիրների ընդունած «Ազատության աջակցության ակտի» 907 ենթաբաժինը սահմանել է, որ Վաշինգտոնը չի կարող Ադրբեջանին օգնություն տրամադրել, սակայն հետագա տարիներին օրենսդիրները լրամշակել են 907 ենթաբաժինը և նախագահներին թույլատրել են հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին:
Սենատի առաջարկած այս բանաձևն ուժի մեջ կմտնի Ներկայացուցիչների տան կողմից վավերացվելուց և նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Սենատը նշել է, որ այս օրենքը կարող է հիշատակվել որպես «Հայաստանի պաշտպանության 2023 թվականի օրենք»: Սենատը բանաձևն ընդունել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին։