Գազայի հատվածում «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարը հրաժարվել է բանակցել Իսրայելի հետ՝ «Ալ-Շիֆա» հիվանդանոցում Իսրայելի պաշտպանության բանակի իրականացրած գործողություններից հետո։ Այդ մասին հայտնել է Yedioth Ahronoth իսրայելյան օրաթերթը:
«Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Իսրայելյան պարբերականի փոխանցմամբ, Սինվարը հանկարծակի դադարեցրել է բանակցությունները Քաթարի միջնորդների հետ և ասել է, որ չի շարունակի դրանք, քանի դեռ իսրայելցի զինվորականները գտնվում են «Ալ-Շիֆա»-ում:
Հաղորդագրությունում ասվում է, թե պատանդներին ազատ արձակելու գործարքի նախագծով ահաբեկիչները պետք է մի քանի օրվա ընթացքում առանձին խմբերով ազատեն նրանց։ Դա Սինվարին հնարավորություն կընձեռի մի օր ազատել որոշ իսրայելցիների, իսկ մյուս օրը ոչ մեկին չազատել, բայց այդ ընթացքում հրադադար ապահովել:
Reuters լրատվական գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Քաթարի միջնորդները նոյեմբերի 15-ին փորձել են պայմանավորվածություն ապահովել «Համաս»-ի և Իսրայելի միջև: Այդ գործարքը համաձայնեցված է նաև ԱՄՆ-ի հետ։