«Ակոսի» խմբագրապետ, ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթը ազատ է արձակվել՝ բանտում 16 տարի 10 ամիս մնալուց հետո:
Նա 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում՝ խմբագրատան մոտ է գնդակահարել թուրքերեն և հայերեն լույս տեսնող շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դինքին:
Սպանությունը լուրջ հանրային ցնցումների և աննախադեպ զանգվածային ցույցերի առիթ է դարձել Թուրքիայում: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Թուրքիայի սահմաններից դուրս:
17-ամյա Սամասթը հանցագործության վայրից փախուստի է դիմել, սակայն հաջորդ օրը ձերբակալվել է Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Սամսուն քաղաքի ավտոբուսային կայարանում:
Ըստ թուրքական լրատվամիջոցների, Սամասթին ձերբակալած ոստիկանները նրան իրենց հիացմունքի և հարգանքի մասին են հայտնել և լուսանկարվել են նրա հետ՝ թուրքական դրոշը պահած:
Սպանությունից չորս տարի անց՝ 2011 թվականի հուլիսի 25-ին, Սամասթը դատապարտվել է 22 տարի 10 ամիս ազատազրկման։ Նրան դատել է անչափահասների գործերով դատարանը, քանի որ սպանության պահին նա 18 տարեկան չի եղել:
Պատժաժամկետի մնացած հատվածի ընթացքում նա կհամարվի պայմանական վաղաժամկետ ազատված:
Նրա ազատ արձակումը բուռն արձագանք է առաջացրել քաղաքական գործիչների, իրավապաշտպանների և քաղաքացիների շրջանում:
Թուրքիայի առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգուր Օզելը հայտարարել է, թե Սամասթին բաց են թողել բանտից, որտեղ պետք է ցմահ մնար։
«Մենք խոսքեր չունենք։ Եթե Օգյուն Սամասթն ազատ է արձակվել «լավ պահվածքի» համար, ապա խիղճ չի ունենա ցանկացած ոք, ով դրանից հետո կխոսի արդարության մասին»,- ասել է ընդդիմադիր լիդերը: