Երևանը հնարավոր է համարում, որ առաջիկա ամիսներին կսկսվեն Եվրամության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները, այսօր հայտարարեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Առաջարկը հաստատվել էր եկել ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների նիստում։ Առաջիկայում այս որոշումը պետք է հաստատի Եվրամիության կառավարությունը՝ Եվրահանձնաժողովը, բանակցությունների ավարտին էլ որոշումը վավերացվի անդամ երկրների կողմից։
«Չէր եղել որևէ երկիր, որ առարկել էր, բարդ էր ապահովել այդ կոնսենսուսը բոլոր անդամ երկրների մեջ, բայց շատ դրական զարգացում է: Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության ու անդամ երկրների հետ՝ հնարավորինս արագացնելու այդ գործընթացը», - ասաց փոխարտգործնախարարը:
Թե որքա՞ն կտևեն Հայաստան-Եվրամիոություն բանակցությունները՝ հստակ չէ։ Հարևան վրացիները կարողացել են ազատ ելումուտ անել Եվրոպա 5 տարվա բանակցություններից հետո, ուկրաինացիների դեպքում քննարկումները մոտ տասը տարի են շարունակվել։
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան պլատֆորմի համակարգող Գայանե Աբրահամյանը կարծում է՝ Հայաստանի դեպքում, այս գործընթացը կարող է մի քանի անգամ կրճատվել։ Նախկին պատգամավորը հիմնավորում է՝ Հայաստանը արդեն իսկ կատարել է Եվրամիության պահանջների մեծ մասը։
«Վիզայի ազատականացման բանակցություններում առկա են մի շարք պայմաններ, դրանք վերաբերում են օրենքների ընդունման գործընթացներ, դրանք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության մի քանի նաև ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացում, նաև վերաբերում է տարբեր երկրների հետ երկկողմ համաձայնագրերի կնքում: Արդեն իսկ Եվրամիության շատ երկրների հետ մենք ունենք այդ համաձայնագրերը, այսինքն, արդեն ոչ միայն ունենք, այլ վերադարձի ու վերաինտեգրման համաձայնագրերն արդեն իսկ երկկողմանիորեն վավերացված են ու իրականացվում են, այնպես որ բավական մեծ աշխատանք իրականում արդեն իրականացվել է: Կարծում եմ՝ այս գործընթացն ավելի կարճ կտևի», - նշեց Աբրահամյանը:
Վիզաների ազատականացմանը նախորդող երկխոսությունը տարիներ շարունակ չէր մեկնարկում ԵՄ անդամ մեկ կամ երկու երկրի դիմակայության պատճառով, թե ո՞ր երկրներն էին, ինչո՞ւ էին արգելափակում և ի՞նչ է փոխվել հիմա՝ հստակ չէ։ Գայանե Աբրահամյանը, որ հեղափոխությունից հետո Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով անդամ էր, ասում է՝ գործընթացը ձգձգվում էր նաև Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի դեպքում առաջացած խնդիրների պատճառով։ Վիզայի ազատականացումից հետո այս երկրներից բազմաթիվ քաղաքացիներ գնացել ու այդպես էլ եվրոպայից տուն չէին վերադարձել։
«Այս դեպքում բոլորովին կապ չուներ այդ երկիրը մեր նկատմամբ ընդհանրապես ինչ վերաբերմունք ուներ: Այսինքն ինչ կանխատեսում էինք, որ օրինակ, Հունգարիան դեմ կլինի, բայց անսպասելիորեն մեզ համար առավելապես հաճախ նաև որոշակի խնդիրներ էր առաջացնում նույն Ֆրանսիան, բայց դրանք բոլորը պայմանավորված էին նաև շատ վատ փորձի հետ, որն ունեցել էին Վրաստանի և Ուկրաինայի հետ», - ընդգծեց նա:
Ըստ Աբրահամյանի՝ բանակցություններն ակտիվացնելու այս առաջարկը քաղաքական որոշման արդյունք է, նաև կապված է Հայաստանում արձանագրված ժողովրդավարական առաջընթացի հետ։
Հայաստանի քաղաքացիների համար տարիներ առաջ վիզաների դյուրացման պայմանագիր է ստորագրվել։ Չնայած դրան՝ վերջին ամիսներին գրեթե անհնար է վիզա ստանալ եվրոպական որևէ երկրից: