ԵՄ արտգործնախարարների խորհուրդն այսօր Բրյուսելում, Եվրամիության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գլխավորությամբ, կքննարկի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված վերջին զարգացումները։
Ըստ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքի՝ խորհուրդն Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ քննարկումը կանցկացնի այս տարվա սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի ռազմական գործողությունների և դրան հաջորդած ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի տեղահանման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերի ֆոնին:
Ակնկալվում է, որ կքննարկվեն նաև Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման ուղիները։
Կայքը նշում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում հոկտեմբերի 5-ին հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նույն օրը հանձնաժողովը հայտարարել է Հայաստանին աջակցելու միջոցառումներն, այդ թվում՝ 10,45 միլիոն եվրո մարդասիրական փաթեթ և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն տրամադրելու մասին։ Հոկտեմբերի 31-ին հանձնաժողովը հայտարարել է հավելյալ 1,7 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ Հայաստանին մարդասիրական օգնությունը հասցնելով ավելի քան 12 միլիոն եվրոյի:
«Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը շարունակում է սերտ շփումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հասնելու կայուն և տևական խաղաղության», - ասված է հայտարարությունում։