Մատչելիության հղումներ

Բլինքենը նաև քննարկում է Գազայի հատվածի ապագան, արաբական երկրները նախ հրադադար են պահանջում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախապես չհայտարարված այցով կիրակի օրը ժամանել է Արևմտյան ափի դե ֆակտո մայրաքաղաք Ռամալլա՝ բանակցելու պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։ Հանդիպումը մեկ ժամ է տևել։

Նրանք մամուլի համար հայտարարություններ չեն արել։ Պաղեստինի առաջնորդի խոսնակի փոխանցմամբ՝ Մահմուդ Աբասն ասել է, որ Գազայի հատվածում պետք է անհապաղ հրադադար հաստատվի, ու թույլատրվի մարդասիրական օգնության մուտքը։

Հանդիպման մասին Պետդեպարտամենտի խոսակ Մեթյու Միլլերի արձանագրությունում ասվում է, որ Բլինքենը հայտնել է ԱՄՆ-ի հանձնառությունը Գազայի հատվածին օգնություն տրամադրելու և հիմնական ծառայությունները վերականգնելու համար։

Պետքարտուղարը նաև արտահայել է ԱՄՆ-ի հավատարմությունը՝ աշխատելու պաղեստինցիների օրինական ձգտումները իրականացնելու ուղղությամբ՝ ստեղծելու պաղեստինյան պետություն։

Բլինքենը առաջարկել է, որ արդյունավետ ու վերանորոգված պաղեստինյան վարչակազմը ամենախելամիտը կլինի Գազայի հատվածի կառավարման համար, միաժամանակ հավանական համարելով, որ այլ երկրներ ու միջազգային կազմակերպություններ միջանկյալ շրջանում որոշակի դեր կխաղան անվտանգություն և կառավարում ապահովելու գործում։

Բլինքենը և Աբասը քննարկել են նաև Արևմտյան ափին հանդարտության և կայունության վերականգնման ջանքերը, ներառյալ պաղեստինցիների դեմ ծայրահեղական բռությունները դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Պաղեստիյան ավելի չափավոր «Fatah» կուսակցության առաջնորդ 87-ամյա Մահմուդ Աբասը «Համաս»-ի հակառակորդն է։ 2005 թվականին «Համաս»-ը ուժով գրավել է իշխանությունը պաղեստինյան մեկ այլ տարածքում՝ Գազայի հատվածում, որտեղ հիմա կատաղի մարտեր են ընթանում։ «Համաս»-ը 2005-ին «Fatah»-ի գործիչներին ստիպել էր հեռանալ Արևմտյան ափ։

Այժմ հնարավոր տարբերակներից մեկը համարվում է Իսրայելի կողմից «Համաս»-ին պարտության մատնելուց հետո Գազայի հատվածում վերականգնել «Fatah»-ի իշխանությունը։ Սակայն, կուսակցության ներկայացուցիչները ավելի վաղ ասել են, որ չեն ցանկանում Գազայի հատված վերադառնալ իսրայելական տանկերով։

Բիլնքենը պաղեստինյան Արևմտյան ափից մտադիր է մեկնել Թուրքիա։ Նախօրեին նա Հորդանանում հանդիպել էր Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդի և տարածաշրջանի արաբական երկրների ներկայացուցիչների հետ, իսկ ուրբաթ օրը Թել Ավիվում բանակցություններ էր վարել Իսրայելի իշխանությունենրի հետ։

Շաբաթ օրը Հորդանանում կայացած հանդիպումից հետո Եգիպտոսի ու Հորդանանի արտգործնախարարները ասել են, որ վաղաժամ է խոսել Գազայի հատվածի ապագայի մասին, նախ անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել 2,3 միլիոն բնակչության հումանիտար ճգնաժամը լուծելու համար։

Բլինքենը պնդում է, որ զինադադարը «Համաս»-ին թույլ կտա վերախմբավորվել, սակայն փորձում է համոզել Իսրայելին կոնկրետ տեղանքում դադար տալ՝ անհրաժեշտ օգնությունը Գազայի հատվածում բաշխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG