Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով քննարկել են նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:
«Քննարկվել են նոյեմբերի 23-ին Մինսկում ՀԱՊԿ Խորհրդի նիստի նախապատրաստման հարցերը», - նշվում է Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:
Վերջին անգամ Պուտինը Բելառուս է այցելել անցյալ տարվա դեկտեմբերին։ Բացի Բելառուսից, որը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում, կազմակերպության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։
Հայաստանը վերջին ժամանակաշրջանում սառը վերաբերմունք է ցուցաբերում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում կազմակերպվող հավաքների նկատմամբ:
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են նաև երկու պետությունների միութենական ինտեգրման թեման:
«Քննարկվել են երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման և միութենական ինտեգրման խթանման արդիական հարցերը, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը և բարձր տեխնոլոգիաները», - նշում է մամլո ծառայությունը։
Կրեմլն ընդգծել է, որ նախագահները «հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու սերտ համատեղ աշխատանքը ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերությունն ու դաշինքը խորացնելու նպատակով»։
Պուտինն ու Լուկաշենկոն մշտական կապ են պահպանում ինչպես հեռախոսով, այնպես էլ անձնական հանդիպումների միջոցով: Նախորդ անգամ նրանք հեռախոսով խոսել են մոտ երեք շաբաթ առաջ, իսկ հանդիպել են մոտ երկու շաբաթ առաջ Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովում։