Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն աջակցում է տեղահանվածներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին․ դեսպան


Քրիստինա Քվինը Կապանում
Քրիստինա Քվինը Կապանում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Կապան, զրուցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները, հաղորդում է ԱՄՆ դեսպանությունը։

«Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին», - ասված է դեսպանության հայտարարությունում:

Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո, վերջին տվալներով, 100 հազար 652 արցախցի հեռացել է Հայաստան, Արցախում, ըստ գնահատականների, մեկ-երկու տասնյակ հայ է մնացել:

Քվինը հոկտեմբերի 28-ին ներկա էր նաև Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի միջոցառմանը՝ ընդգծելով հաշվետվողականության ու թափանցիկության մշակույթի խթանման հարցում ոստիկանության բարեփոխումների կարևորությունը։

Դեսպանը նաև վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Մենք խորը համոզմունք ունենք, որ ամուր, հաշվետու և արդարացի իրավապահ համակարգը ծառայում է որպես հիմք ցանկացած պետության համար», - ասել է դեսպանը։

XS
SM
MD
LG