Մատչելիության հղումներ

Չորս ամսվա քննությունից հետո Սերգեյ Սմբատյանը արդարացվեց


Մեկ ամիս բանտում պահելուց, ապա մոտ այդքան էլ տնային կալանքից ու ընդհանուր 4 ամսվա քննությունից հետո դատախազությունն այսօր դադարեցրեց քրեական հետապնդումը Սերգեյ Սմբատյանի նկատմամբ։

Պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարին առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանք էր առաջադրված։

«Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց։ Քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով», -ֆեյսբուքում գրել են փաստաբան Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը։

Սմբատյանը հոր՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի հետ ձերբակալվել էր անցած հուլիսին։ Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, թե դեսպանը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ոմն գործարարի հետ 2012-ին կեղծ ներդրումային ծրագիր են ներկայացրել կառավարությանը։ Արդյունքում՝ 300 քմ հողամասը հափշտակել են Երևանի կենտրոնում, որը անհատույց տրամադրված էր Չայկովսկու երաժշտական դպրոցին։

Դատախազությունը մանրամասնել էր, թե հանցանքը կատարվել է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ․ պետությանը պատճառվել է մոտ մեկ միլիարդ դրամի վնաս, «Ազատությանն» ասել էր գործը վերահսկող Դատախազ Ծովակ Մնացականյանը։

«Հողատարածքը իրենք գնել են զրո դրամով, իրենք չեն գնել հողատարածքը, հողատարածքն իրենց հատկացվել է, որպեսզի իրենք 800 միլիոն դրամ ներդրումով կառուցեն «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը»։

Ամիսներ առաջ դատախազությունը պնդել էր, թե «Գրքերի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը կառուցելու փոխարեն Սմբատյաններն իրենց բաժին հասած տարածքում 17 հարկանի բիզնես կենտրոն են կառուցել։ Դատախազ Ծովակ Մնացականյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծել էր՝ գործարքը հայրն է արել՝ որդու համար և պնդել, թե որդին տեղյակ է եղել կատարվածից։ Թե ի՞նչ փոխվեց անցած ամիսների ընթացքում և ինչպե՞ս է, որ փաստերը բավարար են լինում մարդուն ազատազրկելու համար, ամիսներ անց, սակայն, պարզվում է՝ նա անմեղ է՝ իրավապահները չեն մանրամասնում։

Գլխավոր դատախազությունն այսօր հաղորդեց միայն, որ հայր Սմբատյանը շարունակում է մեղադրյալի կարգավիճակ ունենալ։ Նշվում է նաև, որ հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 միլիոն դրամը։ «Ազատության» տեղեկություններով այս գումարը վճարել է հայր Սմբատյանը, որն ընդունել է մեղքը։ Նրա փաստաբաններից, սակայն, այսօր այս տեղեկությունը ստուգել հնարավոր չեղավ։

Իրավապաշտպանը հարց է բարձրացնում՝ ո՞վ պետք է պատասխան տա անմեղ մարդուն կալանավորելու համար

«Նպատակը կալանքի տակ պահելու մարդուն նսեմացնելն է, ես ոչ պրոֆեսիոնալ աշխատանքն էլ եմ նշում, որ հենց սկզբից էլ պարզ է լինում, մեծ է հնարավորությունը պարզելու մարդու առնչությունն այդ մեղադրանքին, ինչպե՞ս կարելի է 4 ամիս մարդուն պահել ու հետո ասել՝ չէ, դու արդարացված ես», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը դեռ ամիսներ առաջ էր հայտարարում, որ կալանքը որպես խափանման միջոց պետք էր զգուշորեն կիրառել։ Այսօր արդեն հարց է բարձրացնում՝ ո՞վ պետք է պատասխան տա անմեղ մարդուն կալանավորելու, նրա հեղինակությունը ստվերելու համար:

«Թող բացատրություն տա գլխավոր դատախազը, թե ինչո՞ւ էին 4 ամիս մարդուն պահել կալանքի տակ: Գիտե՞ք այս երկրում ինչն է բացակայում, վարչապետից սկսած հաշվելու լինելը, պատասխանատվություն չկրելը: Իրավապահները թող պարզեն առնչությունը և այդ ժամանակ նոր.... այսինքն՝ նրանք չե՞ն ունեցել ապացույց, երբ որ նրան կալանավորել են, իսկ ինչո՞ւ եք ուզում դուք նսեմացնել այդ մարդուն՝ կալանքի տակ պահելով, դա ի՞նչ մղում է», - ասաց Ալեքսանյանը:

Արդյո՞ք իր բարի համբավն արատավորելու համար Սմբատյանը կդիմի դատարան՝ ինքն ու փաստաբանները դեռ չեն պարզաբանում։

XS
SM
MD
LG