Հայաստանի կառավարությունն այսօր հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր նախօրեին խորհրդարանում հայտնել սպասվող որոշման մասին, նշելով, որ այդ քայլի նպատակն է արձանագրե ԼՂ քաղաքացիների «փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն»։
«Մեզ համար կարևոր է եղել հանգել մի որոշման, որը առավելագույնս հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանել: Մարդկանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ/փախստականի կարգավիճակ տալով, որով այդ թվում՝ նրանց գույքային իրավունքների հետագա հետապնդման և պաշտպանության համար կստեղծվի իրավական հիմք, որից հետո նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն և դիմելու պարագայում, որովհետև կարող է լինեն մարդիկ, որ չեն ուզում, և որից հետո այդ թոշակավորման և մնացած այլ հարցերը շատ արագ կլուծվեն», - ասել էր Փաշինյանը: