Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ ու հրահրող քաղաքականությունը, անշուշտ պատժամիջոցներ կկիրառվեն, լրագրողների հետ զրույցում այսօր նախ հավաստիացրեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, հետո, սակայն, ընդունեց, որ 27 անդամ ունեցող Եվրամիությունում այս հարցում համաձայնություն չկա։
«Պատժամիջոցներն այժմ սեղանի վրա են, մշակման փուլում են։ Այն հավասարության քաղաքականությունը, որ մենք վարում էինք երիտասարդ, ժողովրդավար Հայաստանի և հարուստ, ավտոկրատ Ադրբեջանի հետ ձախողվել է։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերաձևակերպենք մեր քաղաքականությունը և ունենանք հստակ դիրքորոշում», - նշեց գերմանացի պաշտոնյան։
Ճեպազրույցից առաջ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հանդիպել էր Հայաստանի վարչապետի ու ԱԺ նախագահի հետ։ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում գերմանացի պաշտոնյան, ըստ խորհրդարանի լրատվականի, ասել էր, թե Արցախի բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն ձեռնարկվել։ Լրագրողների հետ զրույցում, սակայն, Ռոթը չհստակեցրեց՝ ինչ քայլերի մասին է խոսքը և որքան իրատեսական են դրանք հիմա։ Գերմանացի պաշտոնյան մի փոքր էլ խմբագրեց իր իսկ խոսքը։
«Այնպես չէ, որ պատժամիջոցները հենց հիմա դրված են սեղանին և պատրաստ են կիրառվել, իմ միտքն այն էր, որ ես ամեն ինչ կանեմ, որ դրանք սեղանին հայտնվեն ու կիրառվեն։ Ամեն դեպքում մենք թույլ չենք տա Ադրբեջանի՝ ԵՄ-ի հետ էներգետիկ համագործակցությանն ինտենսիվացումը», - ընդգծեց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
Գերմանացի խորհրդարանականն, այդուհանդերձ, ընդգծեց՝ այս պահին Եվրամիության ներսում չկա պատժամիջոցների վերաբերյալ համընդհանուր համաձայնությունը։ Հղում անելով Եվրոպական խորհրդարանում վարչապետ Փաշինյանի ելույթին, որը իր գնահատմամբ՝ Հայաստանի պատրաստակամությունն է հնարավորինս մոտենալ եվրոպական կառույցներին, Ռոթը կարծիք հայտնեց, որ Եվրամիությունն էլ իր հերթին պետք է արագ ընդլայնի իր տնտեսական, քաղաքական համագործակցությունը Հայաստանի հետ։
Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ, գերմանացի պաշտոնյային հղում անելով, մեկ անգամ չէ, որ ասել են, թե Հայաստանը ԵՄ-ից անդամակցության հրավեր է ստացել, մինչդեռ պաշտոնական Երևանը նման բան չի հայտարարել։
«Ազատության» հարցին ի պատասխան՝ Միխայել Ռոթն ասաց միայն՝ իր զգացողությունն է, որ հայ հասարակությունը փորձում է հնարավորինս ազատվել Ռուսաստանից կախվածությունից։
«Համենայն դեպս, ես Հայաստանում չեմ հանդիպել մի հայի, որ կուզենար ապրել այնպես, ինչպես ապրում են բռնապետական Ռուսաստանի Դաշնությունում։ Ես աշխատում եմ, որպեսզի ԵՄ-ն իր ձեռքը մեկնի Հայաստանին և դյուրացնի մերձեցման բոլոր փորձերը՝ գիտակցելով, որ սա երկար ու դժվար ճանապարհ է, բայց արժե անցնել։ ԵՄ-ն հավատարիմ է համաեվրոպական տարածքում խաղաղության ապահովմանը»,- ավելացրեց Ռոթը՝ այս համատեքստում առանձնացնելով 3 կետ՝ Արևելյան Եվրոպա (Ուկրաինա և Մոլդովա), Բալկաններ, Հարավային Կովկաս։
«Ազատության» դիտարկմանը, որ Հայաստանում մեծ սպասումներ կան Եվրամիությունից, այդուհանդերձ, միությունը պատրա՞ստ է Հայաստանի կողքին լինել այն ծավալով, որ անվտանգային մարտահրավերները չեզոքացվեն, Բունդեսթագի պատգամավորն արձագանքեց. «Պետք է թյուրընկալում չլինի այս հարցում, Եվրամիությունը ռազմական դաշինք չէ և մեր աջակցությունը Հայաստանին իրականացվում է մարդասիրական, քաղաքական, տնտեսական, սոցիալական ուղղություններով, բայց նաև հնարավոր ռազմական աջակցության միջոցով։ Բայց այս գործընթացը չպետք է դիտարկել որպես մեխանիկական գործընթաց, և մենք, բնականաբար, աշխատում ենք ամեն ինչ անել նոր ռազմական բախում թույլ չտալու համար»։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը վաղը մեկնելու է Հայաստանի հարավային շրջաններ։ Ասաց՝ այս այցով համերաշխություն է հայտնում Հայաստանին որպես ժողովրդավար երկրի և ուղերձ՝ ավտոկրատ Ադրբեջանին, որ խաղաղությունն այլընտրանք չունի։