Անցած գիշեր իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում «Համաս» խմբավորման հարյուրից ավելի թիրախների:
Իսրայելի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, ռազմաօդային ուժերի կործանիչների թիրախներն էին՝ ստորգետնյա թունել, զենքի պահեստներ և «Համաս»-ի տասնյակ օպերատիվ հրամանատարական կենտրոններ։
Պաշտպանության բանակը նաև հաղորդել է «Համաս»-ի ռազմական ղեկավարության անդամ Ամջադ Մաջեդ Մուհամադ Աբու Օդեհի սպանության մասին, որին Թել Ավիվը մեղադրում է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը մասնակցելու և իսրայելցի խաղաղ բնակիչների սպանության մեջ:
Իսրայելական կողմի հաղորդագրությունում չի նշվում Գազայի Սուրբ Պորփյուրոս եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքի վրա հարձակման մասին։ Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը վնասել է 12-րդ դարի եկեղեցու ճակատային մասը և ամբողջությամբ ավերել կից շինությունը։ Գազայի հատվածի պաշտոնյաները պնդում են, որ այնտեղ պատսպարված մեծ թվով մարդիկ են սպանվել և վիրավորվել: Al-Jazeera -ի տվյալներով՝ զոհվել է առնվազն 8 մարդ։
Երուսաղեմի ուղղափառ պատրիարքությանը պատկանող Սուրբ Պորփյուրոս եկեղեցին գտնվում է Գազայի պատմական թաղամասում, ոչ հեռու «Ալ-Ահլի» հիվանդանոցից, որտեղ երկու օր առաջ տեղի ունեցած հզոր պայթյունից հարյուրավոր մարդիկ զոհվեցին: