Մի խումբ արցախցիներ մուտք են գործել Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն՝ պահանջելով հանդիպում նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
Ցուցարարներին ընդառաջ եկած Շահրամանյանն առաջարկեց հաջորդ շաբաթ հանդիպում կազմակերպել։
«Ես իմ բոլոր քայլերի, կայացրած որոշումների համար պատասխանատու եմ ձեր բոլորի առջև։ Բայց մենք ունենք ևս մեկ հայրենիք՝ Հայաստանը, որի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք», - հայտարարեց Արցախի նախագահը:
«Այն, ինչ կատարվում է այստեղ, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Լրատվամիջոցներից զերծ մնալ չի լինում, բայց այն, ինչ պիտի ասեմ ձեզ, մեծ վտանգներ է պարունակում Հայաստանի և Արցախի հետագա ճակատագրի համար», - նշեց Շահրամանյանը:
«ԼՂՀ-ն լուծարված չի, այստեղ կա՞ մարդ, որ այդ փաստաթուղթը կարդացել է: Այդ փաստաթղթի հետ կապված շատ հարցեր կան, որոնց մասին ես այստեղ չեմ կարող խոսել», - ասաց Արցախի նախագահը՝ ընդգծելով, որ «ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»:
Այդ փաստաթուղթը, ըստ Շահրամանյանի, ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով:
«Եթե մենք իմանայինք, որ կարող էինք հաղթել այդ ռազմական գործողություններում, մինչև վերջ կգնայինք: Մենք խնայել ենք մեր տղերքին, քաղաքացիական բնակչության կյանքը: Եթե պատերազմը մեկ ժամ հետո կանգներ, կմտնեին քաղաք, երեխաներին կկոտորեին», - պնդեց Լեռնային Ղարաբաղի նախագահը: