Լիտվան մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է նրա լիտվացի գործընկեր Ինգրիդա Շիմոնիտեն։
Նրա վերահաստատել է ցանկությունը՝ տեսնելու Հայաստանում Եվրամիության ներկայության ավելացում։
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շիմոնիտեն և Փաշինյանը քննարկել են անվտանգության իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում, երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում։
«Բարձր եմ գնահատում Ձեր կառավարության հանձնառությունը՝ խաղաղության գործընթացին և աջակցությունն՝ այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին: Ես հույս և հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկմեկու տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հավատացած եմ, որ երկխոսությամբ տևական խաղաղության իսկապես հնարավոր է հասնել: Ճանապարհը դեպի խաղաղություն դյուրին ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար՝ կայունության և բարեկեցության հասնելու համար», - ասել է լիտվացի պաշտոնյան Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։
Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում 100 հազարից ավելի մարդկանց բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը:
«Նախորդ օրը ես ծավալուն ելույթ ունեցա Եվրոպական խորհրդարանում, որտեղ արձանագրեցի, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Վարչապետ Շիմոնիտեի հետ քննարկեցինք, թե սա ինչ է նշանակում, կամ ինչ կարող է նշանակել գործնականում: Խոսեցինք նաև Եվրամիությունում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին», - ասել է Հայաստանի վարչապետը:
«Մենք, իհարկե, նաև արձանագրում ենք, որ հումանիտար աջակցության շարունակականությունը կարևոր է», - նկատել է նա:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումների ընթացքում, ըստ էության, ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ:
«Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում: Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը», - նշել է Նիկոլ Փաշինյանը։