Գազայի հիվանդանոցի պայթյունից հետո Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում հակաիսրայելական և հակաամերիկյան կարգախոսներով:
Պայթյունը, որի համար Իսրայելն ու «Համաս»-ը միմյանց են մեղադրում, ըստ վերջին տվյալների՝ ավելի քան 800 մարդու կյանք է խլել, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ։
Արյունալի իրադարձություններից անմիջապես հետո Լիբանանում ցուցարարները հավաքվել են ԱՄՆ դեսպանատան մոտ, քարեր նետել ու հրկիզել դեսպանատան հարակից շենքը։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, քարկոծվել է նաև Ֆրանսիայի դեսպանատունը:
Հորդանանում հազարավոր ցուցարարներ փորձել են գրոհել Իսրայելի դեսպանատունը։ Նրանք «Համաս»-ին աջակցող կարգախոսներ են վանկարկել, պահանջել փակել դեսպանատունը և խզել Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրը։ Ուժայինները բողոքի ալիքը մարելու համար արցունքաբեր գազ են կիրառել։
Իրանում հարյուրավոր մարդիկ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանատների մոտ են հավաքվել, ձվեր նետել դիվանագիտական կառույցների ուղղությամբ:
Լիբիայում ցուցարարները պաղեստինյան դրոշներով երթով շարժվել են մայրաքաղաքի փողոցներով՝ վանկարկելով Գազայի բնակիչներին աջակցության կարգախոսներ։
Ցույցեր են տեղի ունեցել նաև Պաղեստինում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Թունիսում, Մարոկկոյում, Թուրքիայում։
Գիշերային ժամերին Գերմանիայում ևս պաղեստինյան դրոշներով ցույց է տեղի ունեցել, իսկ առավոտյան անհայտ անձինք երկու «Մոլոտովի կոկտեյլ» են նետել Բեռլինի սինագոգի վրա, զոհեր չկան։