Գազայի հատվածում հիվանդանոցի պայթյունից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին:
Ավելի վաղ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի:
Բացի Բայդենից և Աբասից՝ գագաթնաժողովին մասնակցելու էին նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը:
Սպիտակ տունը հաստատել է Բայդենի Հորդանան այցի չեղարկումը:
Միացյալ Նահանգների նախագահն արդեն ուղևորվել է Մերձավոր Արևելք: Այսօր նա նախատեսում է Իսրայելում հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և ցույց տալ Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին «Համաս»-ի հարձակումից հետո: