Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանի հայտարարությունների ու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել


Սամվել Բաբայանի հայտարարությունների ու հաղորդման հետքերով քրեական գործ է հարուցվել, այսօր «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից: Հանրային ՀԸ տված հարցազրույցից հետո՝ հոկտեմբերի 6-ին, Սամվել Բաբայանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, սակայն դատախազությունը չի հստակեցնում՝ կոնկրետ ում դեմ է այն և ինչ բովանդակությամբ։

Իրավապահները չեն հստակեցնում նաև՝ Բաբայանի որ հայտարարությունն է քննության պատճառ դարձել: Նշվում է միայն, որ քրեական գործի հիմքում երկու հոդված է՝ զինվորական անփութություն ու հակառակորդին զինտեխնիկայի հանձնում:

Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց Բաբայանը անարգել հատել էր Հակարիի կամուջը, թեև տասնամյակներ շարունակ հետախուզվում է Ադրբեջանի կողմից «առաջին պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար»:

Հասնելով Երևան նա հարցազրույց էր տվել, քննադատել Արցախում մնացած պաշտոնյաներին` նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և նորընտիր Սամվել Շահրամանյանին:

Ավելին, Բաբայանը պնդել էր, թե Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել ռուսների ցուցումով՝ ռուսական անվտանգության դաշնային ծառայության հեռախոսազանգից հետո։ Թե որտեղից իրեն այդ տեղեկությունները, չէր նշել։

«22 դեպուտատի հետ այ էս չորս-հինգ հոգին, մեկ էլ այն չոր հոգին՝ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, 22 դեկուտատի հետ՝ ամբողջ էս խումբը պետք է դատարանի առաջ կանգնեն», - ասել էր Բաբայանը։

Մինչև ընտրությունները «Ազատությանը» տված հարցազրույցում, սակայն, Բաբայանը բոլորովին այլ պատկեր էր ներկայացրել, պնդել, թե Արայիկ Հարությունյանը նախագահականից հեռացել է սեփական կամքով, նոր ընտրություններ անցկացնելու հրահանգն էլ Հայաստանից է տրվել. - «Եթե Արցախում երեք հոգի նկուղում նստում եք, որոշում, որ ինչ-որ մեկը դառնա նախագահ ու բերում, պառլամենտում ասում՝ այ էս մարդուն պետք է ընտրեք, խնդիրն էդ անձը չի, խնդիրը նա է՝ այդ երևույթը, որը Երևանից թելադրվում է՝ Արցախում ստեղծում ենք մի խմբակ, որը պայքարում է Հայաստանի իշխանությանը փոխելու համար»։

Հայաստանյան ընդդիմություն՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կուսակից Հայկ Մամիջանյանն, իր հերթին, պնդում ՝ Բաբայանը քննադատելու փոխարեն ինքը պետք է կանգնի դատարանի առաջ և բացատրություն տա`որ օրենքով էր բանակցություններ վարում Ադրբեջանի հետ Ղարաբաղի ապագահի վերաբերյալ: Թեև փաստացի որևէ պաշտոն չուներ, Բաբայանը վերջին ամիսներին հայտարարում էր, թե կապի մեջ է Ադրբեջանի հետ և ինտեգրման ծրագրեր է ներկայացրել։

«Շատ զարմանալի է այն փաստը, որ Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչները անտեսում են այն փաստը, որ Սամվել Բաբայանը սեպառատ սեփական նախաձեռնությամբ, ոնց հասկացա, շատ մեծ ցանկությամբ, բանակցել, քննարկել, հանդիպել կամ որևէ այլ միջոցով շփումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ըստ իր իսկ խոսքերի։ Զարմանալի է, որ Հայաստանի իրավապահ համակարգը այդ փաստը շրջանցում է ու սկսում է զբաղվել ինչ-որ այլ հայտարարություններով, այսինքն՝ Սամվել Բաբայանի նույն հայտարարության այլ հատվածներով», - նշեց Մամիջանյանը։

Արցախի նախկին պաշտպանության նախարարը նաև պնդում է, թե սեպտեմբերի 19-ի հարձակումը չէր լինի, Եթե Ղարաբաղում լսեին Ադրբեջանին ու նոր նախագահ չընտրեին: Բաբայանը, սակայն, այդ օրերին ոչ միայն դեմ չէր ընտրություններին, այլև անձամբ էր պայքարում և չկարողացավ առաջադրվել, քանի որ փաստաթուղթ չուներ վերջին տասը տարում միայն Ղարաբաղում բնակվելու վերաբերյալ:

Նրա քննադատության թիրախում հայտնված պաշտոնյաները, բացառությամբ շաբաթներ առաջ նախագահ ընտրված Շահրամանյանի, այժմ Բաքվի բանտերում են և հակադարձելու հնարավորություն չունեն: Շահրամանյանը Հայաստան տեղափոխվելուց հետո մինչ օրս լուռ է. «Ազատությանը» ևս նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG