Մատչելիության հղումներ

Արիֆ Յունուսով. Վերաինտեգրման ծրագիրը նախատեսված չէ հայերի համար


Հայերի վերաինտեգրման Բաքվի ծրագիրը նախատեսված չէ հայերի և նույնիսկ ադրբեջանական ներքին լսարանի համար, այն նախատեսված է Արևմուտքի համար: Այսպիսի համոզմունք հայտնեց ադրբեջանցի հայտնի կոնֆլիկտաբան, Ղարաբաղյան և ընդհանրապես հայ - ադրբեջանական հակամարտության փորձագետ Արիֆ Յունուսովը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում:

Ադրբեջանի նախագահի համար, «իհարկե, գլխավորը ոչ թե պարզապես Ղարաբաղը վերադարձնելն է, այլ ցանկալի է՝ առանց հայերի վերադարձնելը», - նշեց Յունուսովը՝ շարունակելով. - «Ուրիշ բան, որ նա հասկանում է, որ կան խոշոր խաղացողներ՝ աշխարհաքաղաքական խաղացողներ, և այս դեպքում նա գործում է այնպես, ինչպես գործել է նախկինում՝ իր մշտական հայտարարություններով ժողովրդավարության, խոսքի ազատության և այլնի մասին: Նա դա ասում է ոչ թե այն պատճառով, որ դա իրեն շատ է դուր գալիս, կամ ուզում է դա, այլ՝ այն պատճառով, որ Արևմուտքում սա գոնե ֆորմալ առումով հիմնական անհրաժեշտ պահանջներից մեկն է՝ մարդու իրավունքներ և այլն, և նա անընդհատ դա կասի»:

Նույնը՝ Ղարաբաղի դեպքում, ընդգծեց ադրբեջանցի փորձագետը, ով նախկին քաղբանտարկյալ է՝ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում էին հայերի օգտին լրտեսության մեջ, և քաղաքական ապաստան է ստացել Բելգիայում: Իլհամ Ալիևը, ընդգծեց Արիֆ Յունոսովը, չի կարող բացահայտ ասել, որ «ինձ պետք չէ Ղարաբաղը հայերով, այլ պետք է Ղարաբաղը առանց հայերի». - «Նա չի կարող դա ասել, ուստի սկսվում են խաղերը հայերին վերաինտեգրելու ծրագրերի հետ՝ այն պարագայում, երբ հայերը արդեն այնտեղ չեն: Պարզ չէ, թե ում վերաինտեգրելու, բայց պարզ է, որ հայերի վերաինտեգրման այս ծրագիրը նախատեսված չէ հայերի և նույնիսկ մեր ներքին լսարանի համար, այն նախատեսված է Արևմուտքի համար, որպեսզի երբ լինի քննադատություն, կամ երբ արդեն կա քննադատություն, ասեն. - «Մենք չենք ցանկացել, իրենք իրենց կամքով են փախել, ընդհակահառակը՝ մենք նույնիսկ խնդրել ենք, որ մնան, իրենց սնունդ ենք տվել, բայց նրանք փախան: Իսկ մենք ուզում ենք, որ նրանք վերադառնան, մենք նույնիսկ վերաինտեգրման ծրագիր ունենք, նույնիսկ ունենք հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական խնդիրներով: Ապահովված է բարձր մակարդակ: Այսինքն՝ մենք ամեն ինչ անում ենք»:

«Սա քարոզչական պահ է, կրկնում եմ՝ այն նախատեսված չէ հայերի համար: Մենք իրատեսորեն հասկանում ենք, որ առանց անվտանգության ամուր երաշխիքների հիմա նրանց վերադարձնելն իրատեսական չէ՝ Ղարաբաղի հայերը չեն վերադառնա: Եթե ռուսները խաբել են նրանց, ապա առավել ևս չեն վստահի Ադրբեջանին: Բայց կա Արևմուտքը՝ խաղի կանոններ, որոնք պահանջում են, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին գեղեցիկ խոսքերի հետ մեկտեղ նաև ասվի, որ մենք պատրաստ ենք հայերին ընդունել: Ահա և վերաինտեգրման ծրագիրը: Կրկնում եմ՝ սա Արևմուտքի համար է», - ընդգծեց ադրբեջանցի փորձագետը:

«Երբ խոսում ենք մեր տարածաշրջանի մասին, խոսքը Ալիև-Պուտին տանդեմի մասին է»

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ֆորմալ առումով միջազգային արձագանք եղել է, եթե նկատի ունենանք, օրինակ, Եվրախորհրդարանի բանաձևը, նշեց Յունուսովը:

«Երկու հիմնական կետ կար: Առաջինը վերաբերում էր գազային պայմանագրի վերանայմանը, քանի որ կասկածներ կան, որ ադրբեջանական գազի անվան տակ իրականում ռուսական գազ է մատակարարվում, ու պետք է որ հանձնաժողովը պարզի՝ դա ադրրբեջանակա՞ն գազ է, թե՞՝ ռուսական: Եթե դա ռուսական գազ է, ապա Ադրբեջանն օգնում է շրջանցել ռուսական գազի դեմ սահմանված պատժամիջոցները:

Երկրորդ կետն այն է, որ առաջին անգամ դրվեց պատժամիջոցների հարցը, ընդ որում՝ ոչ թե Ադրբեջանի դեմ որպես այդպիսին, այլ խոսքը անհատական պատժամիջոցների մասին է: Սա վերաբերում է Ալիևին, նրա ընտանիքին և, իհարկե, պաշտոնյաներին: Սա բավականին լուրջ բան է», - ասաց փորձագետը:

«Ուրիշ բան, որ կան պահեր, որոնք, ցավոք սրտի, մեր տարածաշրջանում ինչ-որ կերպ թերագնահատված են: Մեր հակամարտությունը և ընդհանրապես մեր տարածաշրջանը առաջնահերթություն չեն: Այն կարող է 10-րդ տեղը զբաղեցնել աշխարհի առաջնահերթությունների ցուցակում: Գլխավորը Ռուսաստանն է, գլխավորը Ուկրաինան է, գլխավորը Մերձավոր Արևելքն է, Իրանը, հիմա՝ Պաղեստինը: Իսկ մեր տարածաշրջանի նկատմամբ հիմնական մոտեցումը հետևյալն է՝ առճակատում է տեղի ունենում Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և Արևմուտքի խնդիրն է Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից, և նրանք կարող են ժամանակավորապես աչք փակել շատ բաների վրա», - ասաց Յունուսովը՝ շարունակելով. - «Եվրոպայում «ռեալպոլիտիկ» հասկացություն կա, այսինքն՝ համակրանքը կամ հակակրանքը մի բան է, իսկ իրական շահերը՝ այլ բան: Իսկ իրական շահերը թելադրում են, որ այժմ գլխավորը Ռուսաստանի հետ կապված խնդիրները լուծելն է, քանի որ, ըստ էության, երբ խոսում ենք մեր տարածաշրջանի մասին, խոսքը Ալիև-Պուտին տանդեմի մասին է»:

«Ալիևի գործողությունների հետևում, իհարկե, Ռուսաստանն է, Ադրբեջանը իր ամեն մի քայլը համաձայնեցնում է Ռուսաստանի հետ», - համոզված է ադրբեջանցի փորձագետը: - «Հիմա էլ, օրինակ, երբ իրականում եղել է հայ բնակչության լիակատար արտագաղթ Ղարաբաղից, [...] հարց է առաջացել՝ կապված մեր տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության հետ՝ հիմա՞ ում են պաշտպանելու: [...] Հայերից մարդ չկա: Սա նշանակում է, որ նրանք պետք է հեռանան: Եվ հիմա մենք տեսաք, թե ինչպես են նոր պատճառներ գտել՝ պարզվում է, որ այնտեղ շատ զենք է մնացել, որ պետք է հսկեն համատեղ ադրբեջանական և ռուսական զորքերը: Քանի որ սա ակնհայտորեն բավարար բացատրություն չէր, Ալիևն օրերս ասաց, որ ինչ-որ հայ պարտիզաններ դեռ շրջում են այնտեղի անտառներում, ահա թե ինչու ռուսական զորքերը կմնան այնտեղ: Նույնիսկ մի անգամ մեր լրագրողներին կատակով ասացի, որ հայերի նոր կատեգորիա է հայտնվել՝ անտառահայեր. ոչ ոք չգիտի, թե ովքեր են նրանք, բայց նրանք մի տեսակ սարսափելի մարդիկ են, որոնք շրջում են այնտեղ, և հանուն այս հայերի ռուսական զորքը պետք է մնա մեր տարածաշրջանում: Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի գործողությունները կապված են Ռուսաստանի հետ»:

«Եվրոպան դա հաշվի է առել, ուստի քանի դեռ ռուսական հարցը չի լուծվել, իրատեսական չէ Եվրոպայից կամ հատկապես ամերիկացիներից, որոնք ընդհանրապես մի փոքր այլ մոտեցում ունեն, լուրջ արձագանք ակնկալել», - նշեց Արիֆ Յունուսովը:

«Կարմիր գիծը կարող է լինել, եթե Ադրբեջանը հարձակում գործի Հայաստանի դեմ»

Յունուսովը համամիտ չէ բրիտանացի փորձագետ Թոմաս Դը Վաալի հետ, թե սեպտեմբերի 19-20-ը ռազմական ուժ կիրառելով Լեռնային Ղարաբաղում՝ Ալիևը, ըստ Արևմուտքի, հատել է «կարմիր գծերը», և Բրյուսելը, Վաշինգտոնը ցնցված են ու իրենց խաբված են զգում:

«Ասել, որ այդ գործողությունները շոկ են առաջացրել՝ Ալիևի դեպքում դա լուրջ չէ: Առաջին անգամը չէ, շոկ լինում է, երբ առաջին անգամ է ինչ-որ բան պատահում, և դու սպասում ես մի բանի, որը հատուկ քեզ խոստացվել է: Իսկ սա տարիներ շարունակ եղել է՝ կարելի է հիշել Մադրիդյան գործընթացը, ի դեպ, հիշենք, թե ինչ ակնկալիքներ ուներ նույն Թոմասը: Մի անգամ նրա հետ բանավիճել եմ Կազանի հանդիպմանն ընդառաջ. հիշո՞ւմ եք՝ 2010-ին նա հավատում էր, իսկ ես ասացի, որ չի լինի, որ Ալիևը կգա և ինչպես միշտ փոփոխություն կմտցնի, և հանդիպումը կձախողվի, և այդպես էլ եղավ: Սա ձգվում է տարիներ շարունակ, այնպես որ, առաջին հերթին, ես չէի ասի, որ դա շոկ էր. նրանք հերթական անգամ բավականին տհաճորեն զարմացած էին, բայց դա շոկ չէ», - ընդգծեց ադրբեջանցի փորձագետը:

«Երկրորդ՝ կարմիր գիծ չկա. կարմիր գիծը նշանակում է, որ դրանից հետո դուք պատրաստ կլինեք ինչ-որ պատասխանի, բայց Ղարաբաղն ամենևին էլ կարմիր գիծ չէ: Կարմիր գիծը կարող է լինել, եթե Ադրբեջանը սկսի հարձակում գործել Հայաստանի դեմ՝ սա ինչ-որ տեղ կարմիր գիծ կլինի, որովհետև եթե Ղարաբաղում կարելի է ասել, որ դա դեռ Ադրբեջանի ներքին խնդիրն է, մարտերը տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում՝ իրավաբանորեն սա ադրբեջանական տարածք է, ապա եթե դա լինի, ասենք, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, կարևոր չէ՝ որտեղ և ինչ, և դա արդեն կլինի Ադրբեջանի ագրեսիա Հայաստանի դեմ, այդ դեպքում՝ միգուցե, բայց, շեշտում եմ, ես դարձյալ այնքան էլ վստահ չեմ, բայց միգուցե ավելի արդյունավետ քայլեր կարելի է ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ, այն էլ՝ ոչ այնքան ամերիկացիների կողմից՝ ես նրանց նկատմամբ շատ թերահավատ եմ, որքան՝ եվրոպացիների կողմից», - ասաց Յունուսովը:

Իսկ գործողությունները, նրա կարծիքով, կլինեն պատժամիջոցների տեսքով. - «Այսինքն՝ ասել, որ Ադրբեջանի դեմ զորքեր կամ ավելի լուրջ բաներ են ուղարկվելու, ինչպես Ուկրաինայի դեպքում՝ ընդդեմ Ռուսաստանի, ճիշտ չէ: Միգուցե, ինչպես հիմա տեսնում ենք՝ ֆրանսիացիները սկսում են օգնել Հայաստանին, օրինակ՝ ռազմական տեխնիկայով կամ հետախուզության ոլորտում, սակայն առայժմ դա ավելի շատ բառերի մակարդակով է»:

«Առայժմ հայ - ադրբեջանական սահմանը կամրապնդվի եվրոպական դիտորդական առաքելության կազմը երկու անգամ, եթե ոչ՝ չորս անգամ ընդլայնելով: Երկրորդ՝ Ալիևի վրա գաղտնի կերպով ճնշում է գործադրվում, որպեսզի նա չշարունակի ծառայել որպես գործիք Պուտինի ձեռքին», - ընդգծեց ադրբեջանցի փորձագետը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հոկտեմբերի 15-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG