Մատչելիության հղումներ

Պուտինը Բիշքեկում հույս է հայտնել ուժեղացնել ու ընդլայնել ռազմական համագործակցությունը Ղրղըզստանի հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Ղրղըզստան, որտեղ վաղը տեղի է ունենալու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովը։ Այսօր նա երկկողմ հանդիպումներ է անցկացնում, այդ թվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ չի մեկնել։

Ռուսաստանի նախագահը առաջինը հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովին։ Նրանք միասին մասնակցել են Ղրղըզստանում ռուսական ավիաբազայի տեղակայման ու 20-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Հուսով եմ, որ Ռուսաստանի ու Ղրղըզստանի միջև ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցությունը, մեր դաշնակցային հարաբերությունները, որոնց խորհրդանիշը Կանտում ռուս զինվորականների ներկայությունն է, ապագայում ավելի կուժեղանա ու կընդլայնվի»,- ասել է Պուտինը։

Ղրղըզստանի նախագահը տեղեկացրել է, որ նախօրեին խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր Մոսկվայում։

«Համոզված եմ, որ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգը արդյունավետ գործիք է լինելու ապահովելու մեր ընդհանուր օդային տարածքը ցանկացած սպառնալիքից ու նպաստելու ռազմական համագործակցությանը»,- ասել է Ժապարովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG