Մատչելիության հղումներ

ԼՂ նախկին նախարար․ «Ռուսաստանին հանելու մեր համաձայնության գինը պետք է լիներ ինքնավար հանրապետությունը»


«Կարծում եմ, որ 20 թվականից հետո մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել, մեծ ժամանակ ենք ունեցել՝ չունենալու այն ելքը, որ ունեցանք հիմա, և կառուցելու այլ որակի հասարակություն ու այլ որակի պետություն», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։

«Սակայն 2020 թվականից հետո դա չստացվեց՝ և՛ նմանատիպ քաղաքական կամք չկար, և՛ նմանատիպ խնդիր չկար դրված, և՛ տարրական հարցեր չկարողացան լուծվել», - ընդգծեց Խանումյանը։

«Ոչ միայն Ադրբեջանի մեջ է խնդիրը, այլ ընդհանրապես՝ երբ որ դու ինքդ քեզնից մի բան ներկայացնում ես՝ ուժ ես ներկայացնում, անընդհատ ուժեղանում ես, սկսում ես գործոնի վերածվել, բնականաբար, նստելու են խոսեն։ Եվ բնականաբար, հենց սկզբից Ադրբեջանը որոշակի՝ կա՛մ լավ պատկերացումներ չուներ, կա՛մ իր պատկերացումները գերագնահատված էին Արցախի ներուժի վերաբերյալ և Արցախի քաղաքական էլիտայի վերաբերյալ, սակայն շփվելով Արցախի ղեկավարության հետ՝ Ադրբեջանը աստիճանաբար իջեցրեց այդ նշաձողերը, և վերջում արեց այն, ինչ որ ականատես եղանք։ Եվ կարծում եմ, որ հենց ադրբեջանական վերնախավում մի շարք սցենարներ կային, այդ թվում՝ համաձայնելու ինքնավար հանրապետության կարգավիճակին», - ասաց Արցախի կառավարության նախկին անդամը։

Դիտարկմանը՝ պատերազմին հաջորդող հենց առաջին օրը ասվել է, որ «Ղարաբաղի հարցը լուծված է, և նրանք պետք է համակերպվեն, որ այլևս Ադրբեջանի քաղաքացիներ են», և ըստ Հայաստանի վարչապետի՝ Ալիևը բացառել է անգամ մշակութային ինքնավարությունը, Խանումյանն արձագանքեց․ - «Ինքնավար հանրապետությունը նույնպես հարցի լուծում էր։ Գիտե՞ք, մարդիկ էդպես պիտի խոսեն հո չեն ասելու՝ «բերեք ձեզ անկախություն տանք», դուք էլ ասեք՝ «չէ, անկախություն չենք ուզում, ավելի բարձր կարգավիճակ ենք ուզում»։ Բնականաբար, բանակցություններին էդպես են խոսում, և, բնականաբար, էդ ամեն ինչը պետք է հաշվի առնել։ Սակայն Ադրբեջանը մի՛ խնդիր ուներ հստակ՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնել, իր սահմանադրությունը վերականգնել և ռուսներին հանել իր երկրից։ Բնականաբար, այդ ամենի մեջ կարելի էր գտնել լուծում»։

«Բայց ես դրա մասին չեմ խոսում՝ այդ լուծումը, որն արդեն մենք բլոկադայից հետո դրա շուրջ պիտի մտածեինք, այլ ավելի լուրջ խնդիրների մասին, այդ թվում՝ ռազմական ճանապարհով կորցրածը հետ բերելու և հատկապես որոշակի տարածքներ հետ բերելու, որը հնարավորություն կտար անսասան կապ ունենալ Հայաստանի հետ», - հայտարարեց Հայկ Խանումյանը, հարցին՝ «այդպիսի հնարավորություն կա՞ր», արձագանքելով․ - «Ես կարծում եմ՝ կար, պատերազմից հետո նկատի ունեմ։ Դուք տեսեք ինչքան տեխնիկա հանձնեցինք, դուք տեսեք՝ ինչ մեծաքանակ ռազմական զորամիավորում ունեինք Արցախում՝ մոտավորապես 15 հազար մարտիկ զենքի տակ էր»։

«Որը կարողացավ 24 ժամ դիմադրել», - այս դիտարկմանն էլ Խանումյանը պատասխանեց․ - «Որովհետև կառավարման հարց է՝ դրա՛ մասին է խոսքը»։

«Չպետք է հասնեինք այդ վիճակին, որ գնայինք հյուծման։ Բայց չգիտեմ ինչու մարդիկ վստահ էին, որ հունվարի 1-ին կամ չգիտեմ երբ ճանապարհը կբացվի, բլոկադան կվերանա, կամ չգիտեմ ինչ կլինի։ Այսինքն՝ մանկամտություն կար քաղաքական էլիտայի, իշխող վերնախավի մոտ», - նշեց Լեռնային Ղարաբաղի կառավարության նախկին անդամը։

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասում է, որ իրեն խոստացել էին ինքնավարությունը։ «Հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանից մինչև Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան՝ չէին խոստանում, բայց Բաբայանին խոստացե՞լ են։ Ես էլ չեմ ասում, որ Միշելի, Բլինքենի ներկայությամբ Ալիևը նման բան չի ասել», - այս հարցին Խանումյանը պատասխանեց․ - «Խնդիրը բանակցությունների մասին է, երբ որ դուք կետեր եք համաձայնեցնում, ուղարկում եք ձեր կետերը, և իրենք իրենց դիտարկումներն են ուղարկում, և դիտարկումներ անում են այն կետերի մասին, որոնք մեծ հաշվով շատ սկզբունքային չեն, այսինքն՝ մարդիկ պատրաստ են այդ թղթի շուրջ նստել զրուցել։ Իրենց գլխավոր նպատակը Ռուսաստանը հանելն էր, այսինքն՝ Ռուսաստանին հանելու մեր համաձայնության գինը պետք է լիներ ինքնավար հանրապետությունը՝ իր գվարդիայով, իր դատական համակարգով․․․»։

«Առանց դրա էլ հասան ինչի ուզում էին», - այս դիտարկմանն էլ նախկին նախարարն արձագանքեց․ - «Դե, սցենարներից մյուսն էլ դա էր, ինչին և հասան»։

Խանումյանը վստահեցրեց՝ Բաբայանը կարող է հիմնավորել, որ նման պատրաստակամություն Բաքվից հնչել է․ - «Այո, թղթեր են փոխանակվել , այդպիսի բանակցություններ ․․․»։ Նա նաև դրական պատասխանեց հարցին՝ ունե՞ր արդյոք նման մանդատ Սամվել Բաբայանը․ - «Մանդա՞տ, այո, նախագահի համաձայնությամբ էր էդ ամեն ինչը տեղի ունեցել»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG