Կոնֆլիկտային իրավիճակը Երևանի և Բաքվի միջև դեռևս հանգուցալուծված չէ, РБК-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ պատասխանելով հարցին, թե կարե՞լ է ասել, որ սեպտեմբերի 19-ին «ադրբեջանական գործողություններից և դրան հաջորդած չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնալուծարման որոշումից հետո Բաքվի և Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ավարտվել է»։
Գալուզինը նախ հիշեցրել է, որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցումը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջնորդությամբ, որը տեղակայվել է Ղարաբաղում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, ապա շեշտել՝ այսպիսով, Ռուսաստանը շարունակում է կատարել իր կարևոր կայունացնող դերը Հարավային Կովկասում։
«Այսինքն՝ այն իրավիճակը, որ տեսնում ենք հիմա, երբ ռազմական գործողություններ չկան, մեծ մասամբ Ռուսաստանի և նրա խաղաղապահ կոնտինգենտի կատարածի արդյունքն է», - ասել է փոխարտգործնախարարը։
Գալուզինը շեշտել է՝ կոնֆլիկտային իրավիճակը դեռ ավարտված չէ և ակտուալ է մնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։
«Խոսքը այնպիսի կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը դրա հետագա սահմանազատմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրումը և շփումների հաստատումը հասարակական գործիչների, փորձագիտական համայնքների, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների միջև։ Եվ Ռուսաստանը, որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի օգնել ապահովելու, որ մեր երկու հարևանների միջև կայուն, հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն», - ասել է Գալուզինը։
Նա նաև նշել է՝ դեմ չեն ԵՄ-ի և ԱՄՆ աջակցությանը։
«Եթե Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ցանկանում են օգնել դրանց իրականացմանը, ապա, իհարկե, մենք դրան դեմ չենք լինի»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը՝ շեշտելով․ - «Բայց, եթե մենք խոսում ենք ռուսական զարգացումներից օգտվելու և առանց Ռուսաստանի գործելու մասին, ապա պարզ է, որ նման մոտեցումը մեզ համար ընդունելի չէ»։
Գալուզինն այսօր ևս կրկնել է Մոսկվայի ավելի վաղ արտահայտած դիրքորոշումը՝ «Եվրամիությունը մտահոգված է ոչ այնքան կարգավորմամբ, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցով»։
«ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի առաքելությունը մնում է ավելի քան պահանջված»
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մնում է ավելի քան պահանջված, ասել է Գալուզինը՝ շեշտելով՝ ռուս զինվորականներն ուղեկցել են տարհանման շարասյուներին՝ ապահովելով կարգն ու անվտանգությունը, բացի այդ, շփումներ են անցկացվում նաև Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ, Ղարաբաղի հետագա զարգացման հետ կապված մի շարք շատ բարդ հարցեր նույնպես լուծվում են ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ։
«Մեր կոնտինգենտի դերը պահանջված է, և կարծում եմ, որ ապագայում դա նույնպես անհրաժեշտ կլինի։ Նախ այնտեղ մնացած ղարաբաղցիները պետք է այնտեղ իրենց հանգիստ զգան։ Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների առկայությունը այս մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն։ Այնպես որ, ես չէի ասի, թե Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը սպառել է իրեն։ Մոսկվայի և Բաքվի միջև հաստատված խողովակներով կքննարկվի և կլուծվի այն հարցը, թե ինչպիսին կարող է լինել այս կոնտինգենտի հետագա մնալու եղանակները», - ասել է Գալուզինը։
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 2-ին Բիշքեկում ԱԳ նախարարների մակարդակով քննարկում անցկացնելու հնարավորությունը
Հարցին, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ են բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների միջև Մոսկվայում, Գալուզինը պատասխանել է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ երբեք չի ընդհատվել և դիտարկում են այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում, արտգործնախարարների մակարդակով քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։
«Ադրբեջանական կողմն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը։ Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին ու կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին», - ասել է Գալուզինը։