Մատչելիության հղումներ

Կադիրովն առաջարկում է չեղարկել ՌԴ նախագահի 2024-ը ընտրությունները կամ թեկնածու թողնել միայն Պուտինին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին, արխիվ

«Բացարձակապես ակնհայտ է, որ նման զանգվածային միջոցառումից կօգտվեն և այն սադրանքների համար կօգտագործեն ոչ-բարեկամական շատ երկրներ», - հայտարարել է Չեչնիայի նախագահը։

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն առաջարկում է «հատուկ ռազմական գործողության» անցկացման ժամանակաշրջանում չեղարկել նախագահական ընտրությունները Ռուսաստանում, որոնք պետք է անցկացվեն 2024 թվականի մարտին։ Այդ մասին նա հայտարարել է Գրոզնիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվան նվիրված հանրահավաքի ժամանկ։

«Ես համարում եմ, որ ՀՌԳ անցկացման ժամանակաշրջանում Ռուսաստանի նախագահի ընտրությունների մասին խոսք չի կարող լինել։ Բացարձակապես ակնհայտ է, որ նման զանգվածային միջոցառումից կօգտվեն և այն սադրանքների համար կօգտագործեն ոչ-բարեկամական շատ երկրներ, ներառյալ՝ ամբողջ հավաքական Արևմուտքը», - գրել է Կադիրովն իր Տելեգրամ ալիքում։

Որպես այլընտրանքային տարբերակ՝ նա առաջարկել է քվեարկություն անցկացնել միակ թեկնածուով, որը, ըստ Չեչնիայի առաջնորդի, պետք է լինի Վլադիմիր Պուտինը։

Պուտինը Ռուսաստանում իշխանության է 2000 թվականից։ Նա նախագահ է ընտրվել 2000 և 2004 թվականներին, 2008-ին դարձել է վարչապետ, իսկ նախագահ է ընտրվել Դմիտրի Մեդվեդևը, 2012-ին և 2018-ին կրկին Պուտինն ընտրվել է նախագահ արդեն 6-ական տարով՝ նախկին 4-ի փոխարեն, 2020-ին Սահմանադրությունում կատարված փոփոխություններն էլ նրան արդեն թույլ են տալիս նախագահի աթոռը զբաղեցնել մինչև 2036 թվականը։

Ռուսաստանի նախագահը երեկ դարձավ 71 տարեկան։

XS
SM
MD
LG