Առնվազն 100 մարդ է զոհվել Սիրիայի Հոմս քաղաքի ռազմական ակադեմիայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Սա Սիրիայի քաղաքացիական պատերազմի 12 տարիների ընթացքում զինվորականների վրա ամենաարյունալի հարձակումներից մեկն է։
Ըստ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության (SOHR), հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Աղբյուրի համաձայն՝ զոհերի կեսը զինվորական շրջանավարտներ են, ավելի քան 125 մարդ վիրավորվել է։
Երկրի բանակի պաշտոնյաները հարձակման մեջ մեղադրել են «ահաբեկչական խմբավորումներին, որոնց աջակցում են հայտնի միջազգային ուժերը»: Արյունալի հարձակման համար մինչ այս պահը որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։
Որոշ աղբյուրների համաձայն՝ անօդաչու թռչող սարքն արձակվել է ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններից: