Երեկ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտարարեցին՝ ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
«Ազատությունը» այս մասին խոսել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
Ներկայացունում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Արցախի երեք նախկին նախագահները, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Բաքվում են, մի՞թե գոնե սրանից հնարավոր չէր խուսափել:
Աբրահամյան. - Անկեղծ ասած՝ բավականին պրոբլեմատիկ և տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Սա ասում եմ նաև այն տեսանկյունից, որ մինչև գոնե սեպտեմբեր ամիսը տարբեր դերակատարներից ու տարբեր միջազգային կառույցներից հնչող հայտարարություններից այսպիսի ընթացք որևէ ձևով չէր ուրվագծվում: Իհարկե, այլ է խնդիրը, որ Ադրբեջանն ակնհայտորեն իրավիճակը բերում էր ռազմական բախման, իսկ ավելի կոնկրետ լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Դա կարծում եմ, տեսանելի էր և գիտակցվում էր նաև միջազգային խոշոր դերակատարների կողմից, բայց այս իրավիճակում ոչ միայն պատերազմը լայնամասշտաբ չկանխվեց, այլ այս իրավիճակում ձերբակալվեց Արցախի ռազմաքաղաքական էլիտան, նախկին, ներկա տարբեր պաշտոնյաներ: Սա ուզում եմ այն համատեքստում ասեմ, երբ ըստ էության անուղղակի ձևով նաև խոսվում էր այն մասին, որ խնդրի որևէ ձևով կարգավորման պարագայում, դեռ չեմ խոսում Պաշտպանության բանակի լուծարման համատեքստում էր խոսվում, բոլորի կողմից մատնանշվում էր այդ մարդկանց խաղաղ ձևով Արցախից դուրս գալու հանգամանքը: Դա չէր տեղավորվում նույնիսկ ամենավատ սցենարների պարագայում:
«Ազատություն». - Նույնիսկ Արցախի լիակատար կորստից հետո հիմա ի՞նչ են անում ռուսները, որ անգամ չկարողացան կանխել սա, կամ նույնիսկ փաստացի ապահովում են պաշտոնյաների ապահովում Ադրբեջանին:
Աբրահամյան. - Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ամենամեծ աշխատանքը և անելիքն ունի ռուսական կողմը: Մի կողմ դնենք ռուս խաղաղապահներին կամ այնտեղ ներկայությունը, որովհետև այստեղ խաղատախտակին դրված չէ զուտ ռուս խաղաղապահների հարցը, խաղատախտակին դրված է նաև ռուսական հեղինակությունը, որն Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո էականորեն անկում է ապրել: Օբյեկտիվ առումով եթե վերցնենք, ապա այս տեսանկյունից ամենամեծ ակնկալիքը և ամենամեծ սպասելիքը ձևավորվում է նաև Ռուսաստանի Դաշնությունից՝ անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է, սրան ինչ է նախորդել և այլն: