Մատչելիության հղումներ

«Ազատ անկում». դրամը գահավիժում է, դոլարն ու եվրոն՝ թանկանում


Հայկական դրամը ժամ առ ժամ գահավիժում է. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների, տասնյակ հազարավոր արցախցիների տեղահանությանն ու Հայաստան տեղափոխվելուն զուգահեռ վերջին օրերին և՛ դոլարը, և՛ եվրոն դրամի համեմատ կտրուկ թանկացել են։

Փորձագետները սա արդեն «ազատ անկում» են անվանում։ Թե դեռ որքան կէժանանա դրամը՝ դժվարանում են ասել. բայց շեշտում են՝ սա առաջին հերթին նշանակում է, որ թանկացումների ռիսկը մեծ է։

«Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկն այն է, երբ որ դրամն, օրինակ, արժեզրկվում է, մեր ներկրողները շատ արագ գները վերանայում են, ժամ առ ժամ են նույնիսկ վերանայում», - ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Վերջին տվյալներով՝ նախորդ մեկ շաբաթվա ընթացքում դրամն էժանացել է արդեն շուրջ 14 տոկոսով. սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման օրը բանկերը մեկ դոլարը վաճառում էին 387.5 դրամով, սեպտեմբերի 26-ին, երբ արցախցիների հոսքը Հայաստան սկսվել էր, փոխարժեքը մի փոքր էր ավելացել՝ հասնելով 390 դրամի։ Այսօր երեկոյան դոլարը վաճառում էին 445 դրամով։

Հայկական արժույթը զգալի արժեզրկվել է նաև եվրոյի համեմատ։ 5 օր առաջ 415 դրամով կարելի էր եվրո գնել, երեկոյան փոխարժեքն արդեն 470 դրամի հասավ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ դրամի այսչափ արագ անկման հիմնական ներքին գործոնը, Արցախում տեղի ունեցածից հետո բիզնեսի բացասական սպասումներն են, խոշոր ձեռներեցներն ու մեծ գումարներ ունեցողները նախընտրում են իրենց միջոցները արտարժույթի վերածել:

«Որ վտանգի դեպքում կարողանան դուրս հանեն Հայաստանից», - նշեց նա:

Փորձագետի խոսքով՝ մյուս գործոնն Արցախից տեղահանվածներին աջակցելու համար կառավարության հայտարարած ծրագրերն են, որոնք մոտավորապես 40 միլիարդ դրամ են կազմում, այս առավոտվա փոխարժեքով գրեթե 100 միլիոն դոլար:

«Տնտեսության մեջ լրացուցիչ դրամ է մտնելու, միանշանակ սա իր հերթին իր ազդեցությունն է թողնում արտարժույթի շուկայի վրա և երբ որ կառավարությունը չի կարողանում համաչափ ավելացնել առաջարկը, այսինքն, ապրանքների ծառայության քանակը, սա հանգեցնելու է գնաճի, դրամի արժեզրկման», - ասաց Պարսյանը:

Դրամի անկման տեմպը ժամ առ ժամ արագանում է, թե դեռ որքան կշարունակվի, մասնագետները չեն շտապում կանխատեսումներ անել։ Սուրեն Պարսյանի գնահատմամբ, եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, Կենտրոնական բանկը կմիջամտի ու շուկայում դոլար կներարկի։ Դրա համար բավարար պահուստային միջոցներ կան:

«Այդ միջամտությունը կարող է արվել դոլարի ներարկման միջոցով, ինչն արվել էր 2020 թվականին, այնպես էլ կարող է վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին բարձրացնել: Նշեմ, որ դոլարի, դրամի նման կտրուկ տատանումներ եղել են նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ 2022 թվականի սեպտեմբերյան այդ ռազմական գործողություններից հետո», - ասաց փորձագետը:

Արագ տեմպերով դրամի արժեզրկման պատճառների մասին Կենտրոնական բանկ հարցում ենք ուղարկել՝ փորձելով նաև պարզել՝ քննարկում է արդյոք գլխավոր դրամատունն իր ֆինանսական գործիքներով արտարժույթի շուկային միջամտելու հնարավորությունը։ Կենտրոնական բանկը ռուս-ուկրաինական պատերազմից հետո շարունակաբար թանկ դրամի քաղաքականություն էր վարում՝ գնաճը զսպելու համար։

Վերջին 7 ամիսներին փոխարժեքը լիովին կայունացել էր, դոլարի փոխարժեքը պահպանվում էր 385-390 դրամի սահմաններում։

Անցած ամիս գլխավոր դրամատունը որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հայտարարելով՝ արտաքին հատվածից տնտեսության վրա ազդեցությունները գնանկումային են։ Նախորդ ամիսների ցուցանիշներով գնաճի տեմպերը Հայաստանում դանդաղել են։ Պաշտոնական վերջին տվյալներով այս օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնիսկ գնանկում կա՝ 0.2 տոկոսի չափով։ Այսինքն մեծ թանկացումների ծանր շրջանը հաղթահարած Հայաստանը տնտեսական մի նոր մարտահրավերի է բախվել։

Ի դեպ, ռուսական ռուբլին նույնպես արժեզրկվում է. Չնայած ռուբլու անկումը կանխելու Մոսկավայի ջանքերին՝ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո այսօր երկրորդ անգամ մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը Ռուսաստանում հատեց 100 ռուբլու սահմանը։ Այսպես նաև օգոստոսին էր եղել։ Հետագա անկումը կանխելու ու գնաճը զսպելու համար Մոսկվան օգոստոսին կտրուկ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5-ից 12 տոկոս, անցած ամիս էլ քաղաքականությունն էլ ավելի խստացրին՝ հասցնելով 13 տոկոսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG