ՄԱԿ-ի առաքելությունը հայաթափված Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունների մասին հաղորդում չի ստացել, քաղաքացիական և գյուղական ենթակառուցվածքների ավերածություն չի տեսել, սատկած անասունի կամ ընտանի կենդանու չի հանդիպել։ Երեկ Արցախում մի քանի ժամ անցկացնելուց հետո միջազգային հեղինակավոր կառույցի դիվանագետներն ընդգծում են՝ Լեռնային Ղարաբաղում, ըստ իրենց ստացած տվյալների, 50-ից մինչև1000 մարդ կա: Թե նրանցից քանիսին են իրենք անձամբ հանդիպել և ինչ պայմաններում, դիվանագետները չեն հստակեցնում:
ՄԱԿ-ի առաքելությունը նաև չի պարզաբանում՝ տեղի հայերի հետ շփումներին ադրբեջանցի պաշտոնյաներ ներկա եղե՞լ են, կամ արդյո՞ք դիվանագետներն այցելել են բնակավայրեր, որոնք ըստ անցած օրերին հրապարակված տեսանյութերի և վկայությունների՝ մեծ վնաս են կրել ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով։ Նշվում է միայն, որ նրանք չեն եղել գյուղական վայրերում։
Առաքելությունը Լեռնային Ղարաբաղ է ժամանել Արցախի 9 ամիս շարունակված շրջափակումից, ադրբեջանական զինուժի արյունալի հարձակումից, տասնյակ մարդկանց կյանքեր խլած պայթյունից, տեղի բնակչության մեծ մասի տեղահանությունից հետո՝ Ադրբեջանի իշխանությունների թույլտվությամբ։
Միջազգային դիվանագետները միաժամանակ արձանագրել են, թե «ցնցված են»՝ ինչպես են արցախցիները «հանկարծակի» լքել իրենց տները։ Ի՞նչը կարող էր մարդկանց այդ որոշման պատճառ լինել, ի՞նչ պայմաններում են տասնյակ հազարավոր մարդիկ ընդամենը մի քանի օրում հեռացել իրենց պատմական բնակավայրերից, ի՞նչ էր նախորդել նրանց տեղահանությանը՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի դիվանագետներն իրենց հայտարարությունում չեն նշում, տեղի ունեցածն ընդհանրական բնորոշելով որպես «տառապանք»։
Սա ՄԱԿ-ի ներկայացուցիչների առաջին այցն է Արցախ վերջին երեսուն տարվա ընթացքում, որը միաժամանակ վերահաստատել է պաշտոնական Բաքվի հայտարարությունները՝ «Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է քաղաքում առողջապահական և որոշ կոմունալ ծառայությունների աշխատանքի վերսկսմանը»։
Հայաստանը քննադատել է զեկույցն ու այցը՝ համարելով այն խիստ ուշացած։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ՝ մինչ ՄԱԿ-ի առաքելության հայտարարության հրապարակումը, հույս ուներ, որ ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված խումբը գոնե կարձանագրեր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստը։ Միրզոյանը հենց ՄԱԿ-ի փորձագետների՝ «էթնիկ զտման» սահմանումն է մեջբերել և պնդել՝ ավելի բնորոշող բառեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մասին դժվար է գտնել․ - «ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովը, որը լիազորված էր ուսումնասիրել նախկին Հարասլավիայի տարածքում կատարված միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, էթնիկ զտումները սահմանել է իր միջանկյալ զեկույցում որպես «ուժի կիրառման կամ ահաբեկման միջոցով էթնիկապես միատարր տարածքից նշյալ խմբի մարդկանց հեռացման իրականացում»։ Իր վերջնական զեկույցում հանձնաժողովը էթնիկ զտումները նկարագրել է որպես «նպատակաուղղված քաղաքականություն, որը մշակված է մեկ էթնիկ կամ կրոնական խմբի կողմից այլ էթնիկ կամ կրոնական խմբի քաղաքացիական բնակչությանը բռնությամբ և ահաբեկչությամբ որոշակի աշխարհագրական տարածքից հեռացնել»։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ավելի կտրուկ է արձագանքել՝ ՄԱԿ-ի առաքելությանը մեղադրելով «էթնիկ զտումները լեգիտիմացնելու» մեջ։
Հայաստանի իշխող ուժի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ոչ միայն դժգոհ, այլև զարմացած է ՄԱԿ-ի գնահատականներից՝ խոստանալով ուսումնասիրել՝ հասկանալու, թե արդյոք ՄԱԿ-ի կենտրոնակայանում կիսում են Ադրբեջանում տեղակայված այդ պատվիրակության կարճաժամկետ այցի արդյունքները։
«Մենք պետք է հետագա ուսումնասիրություններ անենք` հասկանալու, թե ՄԱԿ-ի կենտրոնակայանը, քարտուղարությունը և անդամ պետությունները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում, արդյո՞ք կիսում են Ադրբեջանում տեղակայված այս փոքրիկ պատվիրակության կարճաժամկետ այցի արդյունքները», - նշել է Վարդանյանը։
Բաքվից դրական են արձագանքում ՄԱԿ-ի առաքելության զեկույցին
Ի տարբերություն հայաստանցի պաշտոնյաների՝ Բաքվից դրական են արձագանքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի առաքելության զեկույցին։ Նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն այն «անկախ» է որակել և X-ի իր էջում կիսվել փաստաթղթում տեղ գտած որոշ դիտարկումներով։
Ադրբեջանցի քաղաքագետ Շահին Ջաֆարլիի համոզմամբ՝ Բաքվի համար ՄԱԿ-ի գնահատականները չափազանց կարևոր են, առաջիկայում Ալիևի վարչակազմն այն կօգտագործի՝ հերքելու հայկական կողմի մեղադրանքները։
«Բնական է՝ առաքելության ներկայացրած փաստաթուղթը կօգնի Ադրբեջանին հերքել էթնիկ զտումների կամ խաղաղ բնակչության սպանությունների մասին մեղադրանքները։ Ադրբեջանի կողմից նման հաղորդումները հերքելը մի բան է, որոշ շրջանակներ կարող են չհավատալ։ Բայց կա նաև միջազգային առաքելության կազմած փաստաթուղթ։ Բնականաբար՝ միջազգային հանրությունը պետք է վկայակոչի այդ փաստաթուղթը», - «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետը։