Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է 100 հազար 417 անձ, ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ հաշվառում է անցել 81 հազար 139 հոգի:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21043 տրանսպորտային միջոց:
Վարչապետի մամուլի խոսնակը նշեց, որ վերջին երկու օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ և վերադարձել, որի արդյունքում 2900 անձ տեղափոխվել է Գորիսի կամ Վայքի կենտրոններ:
Բաղդասարյանը նշեց, որ այս պահին Ստեփանակերտում գտնվում է 15 մարդ, ովքեր ունենք առողջական, հենաշարժողական խնդիրներ:
«Այս պահին 13 շտապօգնության բրիգադներ Հակարիի կամուրջը հատել են՝ դեպի Ստեփանակերտ: Մեր բոլոր հայրենակիցներին անկախ իրենց վիճակից, բոլոր գործընկերների հետ համագործակցելով տարհանելու ենք և բերելու ենք Հայաստանի Հանրապետություն», - ասաց առողջապահության նախարարը:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, որ այս պահին հայաստանյան բուժկենտրոններում բուժում է ստանում 361 անձ, որոնցից 221-ը պայթյունի հետևանքով տուժածներն են, 114-ը՝ ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացածները:
«Այս ամբողջ ընթացքում ընդհանուր առմամբ ունեցել ենք 14 մահ», - ասաց նախարարը: