Մատչելիության հղումներ

Գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության


Երևանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ նորընտիր ավագանու կազմով իր քաղաքապետ ընտրվելն այլևս անհնար է:

Մարությանը պարզաբանել է, որ «Հանրային ձայն» կուսակցությունից ավագանի ընտրված Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը չեն կարող մասնակցել հոկտեմբերի 10-ին նշանակված նիստին, քանի որ Ուրիխանյանը հետախուզվում է, Հայաստանում չէ, իսկ Գալաստյանը կալանավորված է, ինչն էլ նշանակում է, որ ընդդիմությունը չի ունենա բավարար ձայներ քաղաքապետ ընտրելու համար:

Հայկ Մարությանը հայտնել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովվի և նշանակվեն ավագանու նոր ընտրություններ: «Մայր Հայաստան» դաշինքը ևս հայտարարել է, որ «կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը»:

Մարությանը հիշեցրել է՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները մասնակցեն նիստին, քվորումի համար կպակասի մեկ ձայն: Այստեղ վճռորոշ կլինի «Հանրային ձայն» խմբակցության դիրքորոշումը, որը դեռ հայտնի չէ:

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններից հետո պատկերն այսպիսին է. իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 24 մանդատ ունի, Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» 14, 12 մանդատ ունի «Մայր Հայաստան» դաշինքը, 8-ը «Հանրապետությունը», 7-ն էլ բաժին է հասել «Հանրային ձայնին»։

Հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստն է, հենց այդ օրը պետք է քաղաքապետ ընտրեն։ Ավագանու 65 անդամներից առնվազն 33-ի ձայնն է պետք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG