Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի երրորդ տարելիցն է. անցակետեր Ստեփանակերտի մատույցներում, դատարկվող Արցախ


44-օրյա պատերազմից երեք տարի անց Արցախը փաստացի դատարկվում է, Պաշտպանության բանակը զինաթափվել ու լուծարվել է, մեկ օր տևած արյունալի մարտերից հետո Ստեփանակերտի իշխանությունը համաձայնել է Ադրբեջանի հետ քննարկել ինտեգրացիայի հարցը։

Արցախի իշխանական շրջանակներից փոխանցեցին՝ շփման գիծ այլևս չկա, բոլոր կողմերից շրջափակված են, ադրբեջանցիները Ստեփանակերտի մատույցներում անցակետեր են դրել։ Եթե մարդն ուզում է, օրինակ, Ասկերան գնալ, պետք է անցնի ադրբեջանական հսկիչ կետով։ Բաց է միայն Հակարիի կամուրջ տանող ճանապարհը։ Ռուսները, ըստ արցախցի պաշտոնյաների, չեն վերատեղակայվել, օդանավակայանը, որը նրանց հիմնական տեղակայման վայրն է, մնացել է ադրբեջանական անցակետից այն կողմ։

Հայաստանն Արցախի դեմ վերջին ադրբեջանական ռազմական գործողություններին չմիջամտեց։ Մինչ միջազգային հանրությունը բարձրացնում է արցախցիների իրավունքների ու անվտանգության հարցը, շեշտում դրանց պաշտպանության կարևորությունը, 4 մեծ ու փոքր պատերազմով անցած արցախցիները տասնյակ հազարներով լքում են իրենց հայրենիքը։

Ներքաղաքական դաշտում կշտամբանքների պակաս չկա. ընդդիմադիրները վարչապետ Փաշինյանին են մեղադրում Արցախից ձեռքերը լվանալու, այն փաստացի Ադրբեջանին հանձնելու համար, իշխանականները մեղադրանքի սլաքն ուղղում են ընդդիմության առաջնորդներին՝ Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահներին Արցախում իշխանափոխությանն աջակցելու համար, որն էլ, ըստ նրանց, հանգեցրեց կապիտուլյացիայի։

Չնայած 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ԼՂ-ի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկար, բայց պատերազմից հետո ղարաբաղյան հարցով զբաղվող համանախագահ երկրները դեռ խոսում էին, որ հակամարտությունը կարգավորված չէ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ։ Պատերազմից հետո վերընտրված Փաշինյանի կառավարությունը 5-ամյա ծրագրում շարունակեց պնդել, որ Հայաստանը մնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, Ղարաբաղի հարցի կարգավորումն էլ տեսնում, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Նախընտրական ծրագրում էլ ավելի հեռուն գնացին՝ բանակցություններում խոստանալով առաջ մղել գրավված Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը։

Ամիսների ընթացքում, սակայն, Երևանի հռետորաբանությունը կտրուկ փոխվեց. մեկ տարի էլ չէր անցել ընտրություններից, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրությանը հղում արեց, թե իրենց ասում են՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ձեր նշաձողն ու մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու իրավունքներն առաջնային համարեց։

Ամիսներ անց ստորագրվեց պրահյան հայտնի հայտարարությունը, որով Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս։

Բայց Երևանը շարունակում էր պնդել միջազգային հովանու ներքո Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը, որը մինչև այսօր գլուխ չի եկել։ Չնայած Արևմուտքն էլ էր խրախուսում ուղիղ շփումը, բայց միջնորդի դեր այդպես էլ ոչ մեկը չստանձնեց։ Շփումներ միայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացան։ Դեկտեմբերից սկսած Լաչինի միջանցքի փակումով Հայաստան-Արցախ կապը կտրվեց, վերջին 3 ամիսներին արցախցիներն ապրում էին ադրբեջանական լիակատար շրջափակման մեջ՝ սննդի, դեղերի ու առաջին անհրաժեշտության մատակարարումներից զրկված։

Չնայած Ստեփանակերտի պաշտոնյաները պահանջում էին Հայաստանի իշխանությունից հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրությունից, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը համենայն դեպս հրապարակավ կոշտ չէր հակադրվում Փաշինայնին։ Վերջին ռազմական հարձակումից ուղիղ տասն օր առաջ Արցախում իշխանափոխություն եղավ, խորհրդարանի 5 ուժերից 4-ը, բացառությամբ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առաջնորդած կուսակցության, սատարեցին նոր թեկնածուին ու նախկին նախագահ Բակո Սահակյանի մերձավորներից Սամվել Շահրամանյանը դարձավ նոր նախագահ։ Ընդդիմության հույսն այն էր, որ նոր նախագահը, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, կկարողանա Արցախը հանել ծանր վիճակից։ Լեռնային Ղարաբաղի 5-րդ նախագահն առաջին իսկ ելույթում շեշտեց Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը։

Մինչ այս օրերին Ղարաբաղի հայերը զանգվածաբար լքում են հայրենիքը, Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե գոհ է էթնիկ հայերի ինտեգրման տեմպերից։

Դեպի Հակարիի կամուրջ հսկայական խցանումներն Ստեփանակերտի ծայրամասերից են սկսվում։ Հայաստան եկող արցախցի կինը պատմեց՝ դժվարությամբ կարողացել է մտնել մեքենաների հոսքի մեջ, մեկ ժամ անց, սակայն, դեռ իրենց շենքի առջև անշարժ կանգնած է։ Ասում էր՝ իր շրջապատում այս օրերին չի տեսել մեկին, որ պատրաստ է մնալ ու ապրել ադրբեջանցիների հետ. - «Ապագան մենակ ինտեգրվելով է, ես մտադրություն չունեմ ադրբեջանցու հետ ապրեմ։ Ոչ մեկը մեր անվտանգությունը չի երաշխավորելու, որ մենք մնանք Արցախում, ստեղծենք ադրբեջանցու հետ։ Ով ոնց կարողացել է, ավտո է վերցրել, դուրս է գալիս։ Իմ շրջապատում ոչ մեկը չկա, որ ասի՝ ես ուզում եմ ապրեմ այստեղ»։

Միայն 3 օր է, որ Հակարիի ադրբեջանական անցակետը բացվել է։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ Արցախը լքել է բնակչության գրեթե կեսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG