Թուրքիայի նախագահն այսօր կրկին պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Անկարայի ու Բաքվի համար, միաժամանակ հայտարարել է՝ եթե Հայաստանը չհամաձայնի, այդ ճանապարհը կարող է նաև Իրանով անցնել։
«Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի բացենք միջանցքը որքան հնարավոր է շուտ, այդ ծրագրի իրագործումը ռազմավարական հարց է և պետք է ավարտին հասցվի։ Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է ուղիղ Կարս հասնել, և թուրք - ադրբեջանական եղբայրությունն է՛լ ավելի կամրապնդվի», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
Լրագրողները փաստել են՝ անցած տարի, երբ Էրդողանը մեկնել էր Բաքու, նույն թեմայի մասին խոսելիս ասել էր, որ Իրանն ավելի մեծ խոչընդոտ է «Զանգեզուրի միջանցքի» համար, քան՝ Հայաստանը։ Ի՞նչ է փոխվել՝ հարցին Էրդողանն արձագանքել է․ - «Եթե մենք ուզում ենք, որ Զանգեզուրի ու Լաչինի միջանցքները դառնան խաղաղության միջանցքներ, պետք է այդ հարցը լուծենք առանց հակամարտությունների ու աղմուկի։ Եթե Հայաստանը դեմ լինի, այդ ճանապարհը կանցնի Իրանով։ Իրանը հիմա դրական է նայում այդ հարցին»։
Մինչ այս պահը պաշտոնական Թեհրանն Էրդողանի այս հայտարարությանը որևէ կերպ չի արձագանքել։ Հայտնի է միայն, որ այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։
«Նախագահներ Պուտինն ու Ռաիսին ընդգծել են բոլոր խնդիրները բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը», - հաղորդում է Ռուսաստանի նախագահականը, հավելելով՝ փոխադարձաբար նշվել է նաև 3+3 հարթակի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Այս ձևաչափում ընդգրկված են Հարավային Կովկասի երեք երկրներն ու նրանց երեք հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը։
Ավելի վաղ՝ տասն օր առաջ, Թուրքիայի նախագահն առաջարկել էր Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև։Երևանն ու Մոսկվան առայժմ պաշտոնապես չեն արձագանքել։
Մինչ այդ, երեկ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին «պատմական հաջողության» կապակցությամբ ու պնդել, թե Ղարաբաղի դեմ վերջին ռազմական հարձակումն իրականացվել է մարդասիրական բոլոր նորմերը պահպանելով։
«Ես շնորհավորել եմ մեր ադրբեջանցի եղբայրներին այն մարդասիրական և գթառատ վերաբերմունքի համար, որ նրանք ցուցաբերում են քաղաքացիական բնակչության նկատմամբ հակաահաբեկչական գործողություններից հետո։ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին, և ես այս ուղերձը փոխանցել եմ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իմ ելույթում», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը միաժամանակ պնդել է, թե Ղարաբաղի հարցը լուծելուց հետո առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ - ադրբեջանական կարգավորման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
«Ակնկալում ենք, որ Հայաստանն ամուր կամք կցուցաբերի՝ գործընթացը ձգձգելու փոխարեն։ Ես այս ուղերձը նաև վարչապետ Փաշինյանին եմ փոխանցել», - ասել է նա։
Սեպտեմբերի 11-ին՝ Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումից մեկ շաբաթ առաջ, Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, պաշտոնապես հաղորդվել էր, թե երկու ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:
Այսօր էրդողանը նոր մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից․-
«Ես ակնկալիք հայտնեցի, որ Հայաստանը կընդունի պարզված ձեռքը և չի ձգձգի գործընթացը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջընթացը մեծ խթան կհաղորդի տարածաշրջանային կարգավորմանը։ Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն ու բարեկեցություն հաստատելու համար։ Հուսով եմ, որ իմ այցը Նախիջևան նպաստավոր կլինի ոչ միայն մեր եղբայրական երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար»։
Հանուն տարածաշրջանային խաղաղության՝ Հայաստանն ու Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո հաշտեցման գործընթաց են սկսել։ Հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն անցած գարնանը հայտարարել էր, թե «ամռան սկզբին ցամաքային սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար»։ Այդ ժամկետից անցել է ավելի քան երեք ամիս, սակայն պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել՝ առանց որևէ պաշտոնական պատճառաբանության։