Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մերձբալթյան երկրներում սեպտեմբերի 25-27-ը հանդիպելու է Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի առաջնորդների հետ՝ շարունակելու Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու բանակցային ջանքերը, հաղորդում է նախագահի գրասենյակը։
Վրաստանի իշխող ուժը պնդում է, որ Զուրաբիշվիլին խախտում է Սահմանադրությունը, քանի որ նախագահը պետք է արտաքին քաղաքականություն վարի կառավարության համաձայնությամբ, ինչը նա չի ստացել։
Սահմանադրությունը խախտելու մեջ Զուրաբիշվիլին մեղադրող դիմումը սահմանադրական դատարանը ստացել է սեպտեմբերի 22-ին։ Դիմումը ստորագրել են խորհրդարանի 80 պատգամավորներ։ Հարցի քննարկումը նախատեսված է հոկտեմբերի 3-ին։
ՍԴ եզրակացությունից հետո իմփիչմենթի հարցը քննարկվելու է խորհրդարանում։ Զուրաբիշվիլիին պաշտոնազրկելու համար «Վրացական երազանքը» խորհրդարանում անհրաժեշտ քանակի ձայն չունի, բայց կարծում են՝ ՍԴ-ի դրական եզրակացության դեպքում ընդդիմադիր պատգամավորները դեմ լինելու հիմքեր չեն ունենա։