Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ բռնակցված Սևաստոպոլում սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբի հրթիռակոծության հետևանքով ծանր վիրավորվել են Զապորոժիեի ուղղությամբ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։
Բուդանովի խոսքերով՝ ընդհանուր առմամբ զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ 16-ը։ Այս տեղեկատվության անկախ հաստատում չկա։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հրթիռային հարձակումից հետո մեկ զինծառայող է անհետ կորել։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Բուդանովը, մասնավորապես, ասել է. «Վիրավորների թվում խմբավորման հրամանատար գեներալ -գնդապետ (Ալեքսանդր) Ռոմանչուկն է՝ շատ ծանր վիճակում, շտաբի պետ գեներալ-լեյտենանտ (Օլեգ) Ցեկովը գտնվում է անգիտակից վիճակում»։
Միաժամանակ Բուդանովը չի հաստատել ռուսաստանյան Սևծովյան նավատորմի հրամանատար Վիկտոր Սոկոլովի մահվան մասին ուկրաինական Տելեգրամ ալիքներում շրջանառվող լուրը։ Սևծովյան նավատորմի գլխավոր շտաբի շենքի վրա հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին։ Շենքը խոցվել է մի քանի հրթիռներով։