Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նորից հրաժարվեց «Օսկարի» մրցանակաբաշխությանը ֆիլմ առաջադրել


Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակի՝ «Օսկարի» արձանիկը, արխիվ
Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակի՝ «Օսկարի» արձանիկը, արխիվ

Ռուսաստանը որոշել է այս տարի ֆիլմ չառաջադրել Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

«Երբ Ռուսաստանը ենթարկվում է պատժամիջոցների, իսկ ռուսական մշակույթը, սպորտը և այլ բաներ ենթարկվում են հետապնդումների ու արգելքների, չափազանց անտեղի կթվա ֆիլմ առաջադրել «Օսկարի» մրցանակաբաշխությանը», - հայտարարել է Ռուսաստանի «Օսկարի» հանձնաժողովի անդամ, պրոդյուսեր Ֆյոդոր Պոպովը:

Ռուսական «Օսկարի» կոմիտեն ավանդաբար սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին է առաջադրում ֆիլմեր, որոնք կարող են արժանանալ այդ մրցանակին:

Անցյալ տարի ռուսները ֆիլմ չեն առաջադրել, թեպետ մի շարք անվանի կինոգործիչներ պնդել են, որ հարկ է պայքարել «Օսկարի» համար նույնիսկ պատժամիջոցների ենթարկվելու պայմաններում:

Հանձնաժողովը ներկայացնում է ֆիլմեր Ամերիկյան կինոմրցանակաբաշխության համար, ինչից հետո կազմվում են այսպես կոչված «կարճ ցուցակներ»։

Ռուսական ֆիլմերը երեք անգամ են դարձել դափնեկիր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Մրցանակները ստացել են Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» (1968), Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» (1981) և Նիկիտա Միխալկովի «Արևից կիզվածները» (1994) ֆիլմերը։

«Օսկարի» 96-րդ մրցանակաբաշխությունը պետք է տեղի ունենա 2024 թվականի մարտի 10-ին Լոս Անջելեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG