Սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերի մասին տվյալներ է ներկայացրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեքշաբթի օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ:
Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Միրզոյանը շեշտել է, որ «Ադրբեջանի թե՛ գործողությունները, թե՛ պաշտոնական հայտարարությունները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մտադրության մասին, և ընդգծել է միջազգային գործընկերների, ի թիվս ԵՄ-ի՝ կողմից հստակ քայլերի հրատապությունը»:
Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին։
Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հարցեր, ասված է հաղորդագրությունում: