Ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ, հայտնել է ՌԴ ՊՆ։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ», - ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, «այդ պայմանավորվածությունները կիրականացվեն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համաձայնեցված»:
Ադրբեջանական APA գործակալությունը ևս հայտնում է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ցուցումներ է տվել զորքերին՝ «հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման հետ կապված»։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։
Չնայած Ռուսաստանի և Ադրբեջանի այս հայտարարություններին, Լեռնային Ղարաբաղից հայտնում են, որ կրակոցները չեն դադարել։